[ARM]     [RUS]     [ENG]

Պետնախարարը մասնակցել է «Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն»-ի հնգամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 2-ին մասնակցել է «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ին կից ստեղծված «Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն»-ի հնգամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Իր խոսքում կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը նշել է, որ ԱՀ կառավարության, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համատեղ աջակցությամբ ստեղծված կենտրոնն Արցախում գործող եզակի այն կառույցն է, որտեղ երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացման ուղղությամբ մասնագիտական աշխատանքներ են կատարվում՝ ապահովելով  ներառական կրթություն և ընձեռելով  հանրային կյանքին ինտեգրվելու հնարավորություն:

Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի ողջ անձնակազմին կատարած մեծածավալ աշխատանքների համար, վստահեցրել, որ այն այսուհետ ևս գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում:

Այցի ընթացքում պետական նախարարը ծանոթացել է վերանորոգված կենտրոնի շենքային պայմաններին, շնորհակալություն հայտնել անձնակազմին հոգատար և սրտացավ աշխատանքի համար:

Միջոցառմանը ներկա էին նաև Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: