[ARM]     [RUS]     [ENG]

Մայիսյան եռատոնը ուղենիշ է ապագայի համար․ Դ․ Բաբայան

 

Պետք է արժևորել հաղթանակները, հիշել դրանք կերտողներին և թույլ չտալ մոռացության մատնել: Այս մասին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո, մեզ հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Մայիսյան եռատոնն ուղենիշ է ապագայի համար, որը խորհրդանշում է հաղթանակ ու հայրենասիրություն։ «Շատ ծանր գնով ենք մենք մեր հաղթանակներն արձանագրել։ Ամեն անգամ այստեղ գալով յուրահատուկ զգացմունքներով ես լցվում։ Պետք է յուրաքանչյուր մարդ, հատկապես պատասխանատու պաշտոն զբաղեցնող, գոնե ամիսը մեկ անգամ այցելի հուշահամալիր, որպեսզի տեսնի հաղթանակի դեմքն ու գինը։ Մենք պարտավոր ենք պահպանել մեր հաղթանակները»,-ասաց արտաքին գործերի նախարարը: Նրա համոզմամբ՝ հաղթանակը երկու փուլից է բաղկացած՝ պատերազմում հաղթելուց և խաղաղ պայմաններում այն պահպանելուց։ Ըստ նախարարի՝ ապագան պայմանավորված է նրանով, թե հաղթանակներն ինչպես են պահպանվում խաղաղ ժամանակահատվածում: Իր խոսքում Արցախի արտգործնախարարը նշեց, որ բացի ազգայինից, Մայիսի 9-ը նաև համազգային ու համաշխարհային ամենանվիրական տոներից է արժեհամակարգ ունեցող ցանկացած գիտակից մարդու համար։ 

Աննա Ալեքսանյան