[ARM]     [RUS]     [ENG]

ԽԱՉԵՐԹ՝ ԴԵՊԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

 

Արցախի Հանրապետության բոլոր բնակավայրերում այսօր՝ մայիսի 9-ին, մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան պատերազմներում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը: Լռության րոպեից հետո՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների: ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը, ներկաներին շնորհավորելով Մայիսյան եռատոնի առթիվ, կարևորեց միասնությունն ու Քրիստոսի հարության խորհուրդը՝ հաղթանակներ կռելու համար: «Մաղթում եմ, որ իրապես կարողանանք հաղթանակներ կերտել Քրիստոսի հարությամբ, նվիրական մեր միասնությամբ: Հաղթանակներ կերտենք այն գաղափարներով, որ մեզ միայն դեպի լույսն է տանում, այլապես եթե Հարությամբ չէ, մենք կբաժանվենք, կմասնատվենք»,-ասաց Սրբազանը:

Հոգեհանգստյան կարգից հետո Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարից Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի պատմական Սուրբ Խաչի առաջնորդությամբ տեղի է ունեցել Խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Խաչերթին մասնակցել են Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, կառավարության անդամներ, Պաշտպանության բանակի սպաներ, զինվորներ ու քաղաքացիներ:

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Լուսանկարները՝ Ալվարդ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ