[ARM]     [RUS]     [ENG]

Մշակութաժամանցային ծրագրեր Ստեփանակերտում՝ Եռատոնի առթիվ

 

Եռատոնի առթիվ նախատեսված «Հաղթանակի ակնթարթներ» խորագրով մշակութաժամանցային ծրագրի շրջանակներում այսօր` մայիսի 9-ին, Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի հարակից տարածքում դաշտային խոհանոց է ծավալվել։ «Եռատոնի առթիվ կազմակերպված մշակութաժամանցային ծրագիրը վկայում է նոր հաղթանակներ ու հերոսապատումներ կերտելու մեր հավատի մասին։ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքները մեզ չպետք է թևաթափ անեն, այլ ընդհակառակը, պետք է սթափեցնեն։ Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք վերականգնվելու, վերապրելու և ապրեցնելու մեր գալիք սերունդներին»,-այս մասին մեզ հետ զրույցի ընթացքում ասաց ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը։ Ծրագրի շրջանակներում ծավալված դաշտային խոհանոցում կազմակերպվել է ավանդական կուրկուտի հյուրասիրություն։ ՊԲ զինծառայող Ռաֆիկ Ասլանյանի խոսքով` միջոցառումը համախմբվելու առիթ է։ Նույնիսկ տեղացող անձրեւը 8-րդ դասարանի աշակերտուհի Անիին հետ չէր կանգնեցրել միջոցառմանը մասնակցելուց։ Նրա համար մայիսի 9-ը յուրահատուկ օր է։ «Չնայած անձրեւին, այս միջոցառումը մեզ փոքր-ինչ բարձր տրամադրություն է հաղորդել»,- ասում է Անին։ ՊԲ ժամկետային զինծառայող Կարենն էլ նշում է, որ պատերազմից հետո դժվար է լիարժեք ուրախանալ, բայց նման ծրագրերն անհրաժեշտ և ոգեշնչող է համարում։ Միջոցառմանը ներկա էր նաեւ ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Օրվա երկրորդ կեսին Եռատոնի կապակցությամբ մշակութաժամանցային միջոցառում է կազմակերպվել նաեւ Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում` «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի կողմից։ Ինչպես տեղեկացրեց տնօրեն Լուսինե Գասպարյանը` «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառմանն արցախցի դպրոցականները վրձնով ու գույներով արտացոլել են իրենց զգացմունքներն ու մտորումները «Իմ անուշ հայրենիք», «Ես տեր եմ մեր հաղթանակներին», «Ծաղիկներս` նահատակաց» թեմաների շուրջ։ Միջոցառմանն աջակցել է ԿԳՄՍ նախարարությունը։

 Նանիկ Աղասյան