[ARM]     [RUS]     [ENG]

Առողջապահության նախարարի ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա առթիվ

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ուղերձ է հղել բուժքույրերի միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ բուժքույրեր, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։ Մասնագիտական տոնացույցի այս օրն առիթ է՝ անդրադառնալու ձեր աշխատանքին, գնահատելու մարդկանց առողջության պահպանմանն ուղղված ամենօրյա ձեր գործունեությունը։ Բոլոր ժամանակներում բուժաշխատողի աշխատանքը եղել և մնում է հարգված ու պահանջված, քանզի առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է: Դուք մշտապես ոչ միայն հիվանդի, այլև բժշկի կողքին եք։ Ձեր մասնագիտական պարտականությունները կատարելով, Ձեր բարի վերաբերմուքով՝ դուք մի կողմից նպաստում եք հիվանդի արագ ապաքինմանը, մյուս կողմից` աջակից լինում բժշկին: Սիրելի բուժքույրեր, բարձր գնահատելով ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը, բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ, ինչպես անձնական կյանքում, այնպես էլ՝ դժվարին ու շատ պատասխանատու աշխատանքում։ Վստահ եմ, որ, բարձրացնելով մասնագիտական ձեր ունակությունները, կշարունակեք մեծ նվիրումով իրականացնել ձեզ վերապահված դժվարին ու մեծ պատասխանատվությամբ լի առաքելությունը»: