Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Ամփոփվեցին ԱրՊՀ-ում մեկնարկած ուսանողական գիտաժողովի աշխատանքները

 
 Այսօր՝ մայիսի 13-ին, ամփոփվեցին ԱրՊՀ-ում մեկնարկած ուսանողական գիտաժողովի աշխատանքները: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱրՊՀ ռեկտորը, պրոռեկտորները, գիտաժողովի մասնախմբերի համանախագահները, մասնակից ուսանողներ: Առկա և հեռավար եղանակով գիտաժողովին մասնակցություն ունեցան 125-ից ավելի պատվիրակներ Արցախի պետական, Հայաստանի ամերիկյան, Հայ-ռուսական, ՀՊՏՀ, ՀՊՄՀ, ՎՊՄՀ, Հայաստանի ազգային ագրարային, Գավառի պետական, Գորիսի պետական և այլ համալսարաններից։ Ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր բուհերին, գիտաժողովի պատվիրակներին՝ ԱրՊՀ գիտաժողովին մասնակցելու և Արցախ այցելելու համար: «Ընդունված է ասել, որ ապագան պատկանում է երիտասարդությանը, վստահ կարելի է ասել, որ ներկան ևս պատկանում է երիտասարդությանը: Ապահով ներկա և ապագա ունենալու համար շատ կարևոր է գիտության դերը, որի ուղղությամբ պետք է սկսել աշխատել արդեն ուսանողական տարիներից: Շնորհակալություն, որ մասնակցել եք գիտաժողովին և այս ծանր ժամանակներում այցելել եք Արցախ»,-նշել է ռեկտորը՝ ընդգծելով, որ գիտաժողովում հնչել են արդիական զեկուցումներ, որոնց արդյունքները կարող են նաև կիրառական նշանակություն ունենալ տարբեր ոլորտներում: Մասնախմբային աշխատանքների մասին տեղեկատվություն են ներկայացրել ֆակուլտետների դեկանները՝ ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով աշխատանքների արդյունքներից: Գիտաժողովի մասնակիցներին Արցախի պետական համալսարանի կողմից տրվել են հավաստագրեր և գրքեր: Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչ Վիլեն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱրՊՀ-ին գիտաժողովի կազմակերպման համար՝ մասնավորապես նշելով. «Գիտաժողովի ընթացքում ունեցանք հետաքրքիր և կառուցողական քննարկումներ: Հուսով եմ՝ սա մեր համագործակցության սկիզբն է, հետագայում այն կշարունակվի և կամրապնդվի համատեղ նոր ծրագրերով»: «Այս իրավիճակում ԱրՊՀ-ում լինելը, Արցախի շունչը զգալը մեծ պատիվ է: Շնորհակալություն եմ հայտնում այս հնարավորությունն ընձեռելու, գիտաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ սկսած դիմավորման արարողությունից մինչև աշխատանքների ամփոփում»,-նշել է ՀՊՄՀ-ն ներկայացնող մասնակից Հովհաննես Սարգսյանը: Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ ռեկտորը տեղեկացրել է, որ զեկուցումները տպագրվելու են առանձին ժողովածուով, իսկ գիտաժողովին մասնակից ՀՀ բուհերի ուսանողներին հրավիրել է մասնակցելու ամռան ամիսներին կայանալիք ԱրՊՀ ամառային դպրոց-ճամբարին: