ԼՐԱԳՐՈՂ․ ՄԵԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ 4-րդ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՅՍՕՐԸ

 

Այսօր` մայիսի 23-ին` լրագրողի մասնագիտական օրվա կապակցությամբ, Արցախի ժուռնալիստների միությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն և գրքի շնորհանդես։ Բացման խոսքում ԱՀ ԺՄ նախագահ Կիմ Գաբրիելյանը, շնորհավորելով լրագրողներին, նշել է, որ այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ ու կարևոր է լրագրողի դերն ու նշանակությունը։ ԱՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանը, շնորհավորելով լրագրողներին մասնագիտական տոնի առթիվ, տեղեկացրեց, որ ԱՀ նախագահի հրամանագրով մի խումբ լրագրողներ պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով։ Արցախի լրագրողական ընտանիքն այս տարի, ցավոք, կորուստ է կրել. կյանքից անժամանակ հեռացավ լրագրող Անահիտ Դանիելյանը։ Ցավակցություն և զորակցություն հայտնելով Անահիտ Դանիելյանի հարազատներին, Արցախի լրագրողական ընտանիքին, Վահրամ Պողոսյանը Ա․ Դանիելյանի հարազատներին փոխանցեց «Երախտագիտություն» մեդալը։ Մասնագիտական տոնի կապակցությամբ պարգևատրվել են նաև Մելանյա Միլոնյանը, ԱՀ Մարտունու շրջվարչակազմի «Ամարաս» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Կարինե Դադամյանը, Քաշաթաղի շրջանի «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը։ Նախագահի մեկ այլ հրամանագրով` ԱՀ Վաստակավոր լրագրողի կոչում է շնորհվել Գարիկ Օհանջանյանին։ Միջոցառմանը ԱՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը կառույցի ղեկավարի շնորհակալագիրն է փոխանցել Արցախի ԺՄ նախագահ Կիմ Գաբրիելյանին։ Պարգեւատրումից հետո տեղի ունեցավ լրագրող, բանաստեղծ Արիս Արսենի «Օր-օրի, ժամ առ ժամ Արցախյան իրադարձությունների ժամանակագրություն» գրքի շնորհանդեսը։ ԱՀ վաստակավոր լրագրող Միքայել Հաջյանը բարձր գնահատեց հեղինակի աշխատանքը. «Գիրքն իսկապես սպասված էր։ Շնորհավորում եմ և՛ հեղինակին, և՛ Արցախի ԺՄ նախագահին։ Կարծում եմ, այս գիրքը կծառայի իր նպատակին և, համոզված եմ, որ առաջիկայում այն կհամալրվի, քանզի կարիքը, անշուշտ, զգացվում է»։ Մեզ հետ զրույցում գրքի հեղինակ, բանաստեղծ Արիս Արսենին ասաց․ -Գիրքը ժամանակագրություն է, որը գրի ենք առել տարիներ շարունակ, և այսօր ես շատ ուրախ եմ, որ այդ նյութերն ընթերցողի սեղանին են գրքի տեսքով։ Միջոցառման մյուս մասնակիցները եւս շնորհավորելով հեղինակին` կարևորել են նմանօրինակ գրքերի հրատարակումը։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ