[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵԼ Է

 

Արցախի Հանրապետության դատախազությունից տեղեկացնում են, որ 13.03.2021թ. ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել էր քրեական գործ Շուշի քաղաքից տեղահանված անձանց ՀՀ կառավարության թիվ 1820-Լ առ 21.11.2020թ. որոշմամբ սահմանված դրամական աջակցության տրամադրման գործընթացում Շուշիի քաղաքապետի կողմից ենթադրաբար պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և դրա հետևանքով պետությանը գույքային վնաս պատճառելու դեպքերի առթիվ: Քրեական գործով տարված նախաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ շահառուների կազմը որոշելու համար ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ սահմանված՝ վերջին երեք ամսում «փաստացի բնակության» պայմանի տևողության ու պարբերականության, ուսման, աշխատանքի, բուժման պատճառով կամ ծառայության բերումով որոշակի բացակայության դեպքերի շուրջ առաջացած անորոշության պատճառով շահառուների ցուցակներում ընդգրկվել են նաև անձինք, որոնք հիշյալ իրավական ակտի այլ մեկնաբանության դեպքում ենթակա չէին ներառման: Վերոգրյալ իրավական ակտի նորմերի վերաբերյալ այն ընդունած մարմնից մեկնաբանություն ստանալուց հետո քրեական գործով որոշում է կայացվել արդարացման հիմքով Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին: