[ARM]     [RUS]     [ENG]

«Արցախպրես»-ն 8 տարեկան է

«Արցախպրես» լրատվական գործակալությունը 8 տարեկան է: Գործունեության ընթացքում հասցրել է վստահելի տեղեկատվական աղբյուր դառնալ առաջին հերթին օպերատիվության շնորհիվ։ «Արցախպրես»-ը Արցախի լրատվական դաշտի առաջին օնլայն լրատվամիջոցն է, իր տեսակի մեջ` դեռևս միակը։

««Արցախպրես»-ը մեդիադաշտ եկավ լրացնելու եղած բացը` դառնալով Արցախը Մայր Հայաստանին և Սփյուռքին կապող հավաստի լրատվամիջոց, որն աշխատանքային օրվա ընթացքում ավելի քան 30 հազար այցելու է ունենում։ Գործելաոճի հիմքում նվիրումն է, նպատակը՝ Արցախի ու արցախցու առօրյան ներկայացնել այնպես, ինչպես կա։ Տարիքը վկայում է արված ահռելի աշխատանքի, միևնույն ժամանակ` անելիքների, ծրագրերի մասին, որոնք պետք է կյանքի կոչվեն»,- «Ազատ Արցախ»-ի հետ զրույցում ասաց գործակալության գլխավոր խմբագիր Տաթևիկ Պողոսյանը:

Գործակալության գլխավոր խմբագիրը ողջունելի է համարում ցանկացած տիրույթում մրցակցությունը. «Ինչպես ասում են՝ առողջ մրցակցության ընթացքում են ծնվում բոլոր մեծ գործերը: Այս համատեքստում մրցակցությունը ոչ միայն ողջունելի է, այլ նաև՝ պետք է, որովհետև այն տալիս է իր ցանկալի արդյունքը: Ոլորտն այս առումով առաջընթաց է ապահովում, եթե չխոսենք առողջ մրցակցության կողքին այլ հիվանդագին երևույթների մասին»,-ասաց Տաթևիկ Պողոսյանը:

Գործակալությունը մոտ ապագայում նախատեսում է տեքստային տարբերակին ու լուսանկարներին զուգահեռ՝ ներկայանալ տեսանյութերով:

ԱԱ