Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ. ԿՈՄԻՏԱՍ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 50-ՏԱՐԵԿԱՆ

 

Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի հավաքական ուժի, ապրելու իրավունքի, կամքի վճռականության և վաղն ավելի անվտանգ Արցախ ունենալու սրբազան առաքելություն էր, հանուն որի 90-ականներին հայրենիքի պաշտպանությանը  կամավորագրվեցին շատերը: Միայն այն գիտակցումը, որ պատերազմի վերջնական նպատակը խաղաղ Արցախ ունենալն է,  բավարար էր զինվորագրվել այդ վեհ պայքարին առանց որևէ նախապայմանի:

Արցախյան գոյապայքարի նվիրյալներից էր նաև բանաստեղծ-զինվոր Կոմիտաս Հակոբյանը, ով մտավորականի կերպարը համադրելով զինվորականին, դարձավ հայոց նորանկախ պատմության ոսկե էջերից մեկը կերտողներից: Արցախյան ազատամարտը հենց այսօրինակ կերպարների շնորհիվ դարձավ գաղափարական պայքար, պայքար, որտեղ գերագույն գլխավոր նպատակն Արցախի փրկությունն էր:

Հունիսի 1-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Քերթ համայնքի Կոմիտաս Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված մտավորական-զինվորի ծննդյան 50-րդ տարեդարձին:

Կոմիտաս Հակոբյանը ծնվել է 1972թ. հունիսի 1-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Քերթ գյուղում` մտավորականի ընտանիքում: 1989-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի (այժմ Արցախի պետական համալսարան ) բանասիրական ֆակուլտետը:

Մինչև կանոնավոր բանակի կազմավորումը ՝  Կ. Հակոբյանը կամավոր մասնակցել է պաշտպանական և ազատագրական մի շարք մարտերի: Ընկերներն ասում են՝ նա մարտի անհուսալի պահին ոգի էր և ուժ: Հարավ-արևելյան ռազմաճակատում ծավալված գործողությունների ժամանակ՝ 1994թ. ապրիլի 27-ին, անձնազոհության անկրկնելի օրինակ էր նրա  սխրանքը: Կոմիտասը միայնակ և առաջինը մտավ ադրբեջանցիների կողմից գրավված խրամատը: 1994թ.  մայիսի 5-ին Կարմիրավան գյուղի ազատագրման  ժամանակ  հերոսաբար զոհվում է 22-ամյա Կոմիտաս Հակոբյանը:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Կոմիտաս Հակոբյանը 2003թ․ հետմահու պարգևատրվել է Արցախի «Արիության համար» մեդալով:

Ռազմադաշտում կերտած սխրագործությունների և նրա ստեղծած  գրականության մասին էին խոսում այսօր արդեն իր անունը կրող դպրոցում կազմակերպված միջոցառմանը:

Դպրոցականները ոգևորությամբ էին ընթերցում բանաստեղծ Հակոբյանի գործերը: Նրանց մեջ հայրենիքն առանձնահատուկ տեղ ունի...

Կոմիտաս Հակոբյանն ասում է.

Հայրենիք իմ,

քո առավոտվող օրվա ձայները

ինձ վանք են տանում,

ուր տամկացած քարերի վրա

մեղրամոմերն են հառաչում:

Ես քո խաչքարերի

կնճռոտված հայացքներում

կարդում եմ պատմությունդ կարմիր,

որ լոկ քոնն է:

Դեռ պիտի աղոթենք,

հայրենիք իմ,

դեռ պիտի աղոթենք

մեր ծերացող հավատի մեջ խրված

փուշը հանելու համար,

ու պիտի մաքառենք

եղեռնաշունչ օրվա երախում,

որ դարերի հետ

կարողանաս խոսել

լեզվով քո նահատակների

Հուշ-ցերեկույթին խոսվեց Կոմիտաս Հակոբյանի գրական ոճի մասին: Իր ժամանակից ու ժամանակակիցներից առաջ էր նրա գրիչը, բոլոր ելույթ ունեցողները այս իրողությունն էին փոխանցում:

Նրան ճանաչողներն ասում են, որ Կոմիտասի գրիչն այնքան արդիական է, որ թվում է՝ հենց հիմա է գրել, հենց այս պահին, հենց այս րոպեի համար:

Ընկերները պատմում են, որ Կոմիտասը խրամատում էլ ժամանակ էր գտնում թղթին շունչ տալու համար: Շատ էր սիրում սիրային թեմաներով ստեղծագործել, պատմում են ընկերները:

Կոմիտաս Հակոբյանի ծննդյան 50-րդ տարեդարձը տեսաուղերձով շնորհավորեց նաև Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը՝ իր խոսքում նշելով.

- Կրտսեր եղբայր, ես քո մասին անցյալով չեմ խոսելու, որովհետև դու հիմա էլ քո ստեղծած գրականությամբ քայլում ես մեզ հետ, քո տողերի մեջ մեր այսօրն է, մեր վաղն է, մեր երեկն է: Քո գործերը եղբայր, ասես, գրված լինեն ոչ թե գրչով, այլ զենքով... Շնորհավոր ծնունդդ Կոմիտաս:

Բանաստեղծ Սոկրատ Խանյանը նշեց, որ Կոմիտասը հենց առաջին պահից տարբերվել է իր հասակակիցներից:

«Մենք դեռ այն ժամանակ, արդեն համոզված էինք, որ Կոմիտասը կենսագրություն է կերտելու»,-իր խոսքում նշեց Խանյանը:

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանի ուղերձը Կոմիտաս Հակոբյանի 50-ամյակի կապակցությամբ ընթերցեց ԱրՊՀ լրատվության բաժնի պատասխանատու,  ԱԳՄ անդամ Զարինե Սառաջյանը և ռեկտոր Արմեն Սարգսյանի անունից Կ. Հակոբյանի անվան դպրոցին փոխանցեց գրքեր:

Հ.գ.

Միջոցառման ողջ ընթացքում մտածում էի, ինչպիսի վերջաբան պիտի ընտրեմ այս նյութի համար... որ բառը, լավ իմաստով, պայթի, որ Կոմիտաս Հակոբյանի գրիչը այդ վայրկյանին շարժվի...

Եվ ահա նոր սկզբի համար գրված, իմ վերջաբանը:

...Արցախ պատերազմն անգամ

քո հողի վրա դրախտ է թվում:

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ