Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Ի ԼՐՈՒՄՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ 52.500.000 ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՈՐԴ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

 

 

 Ինչպես հայտնվել էր ավելի վաղ, ԱՀ գյուղատնտեսության նախարարության հաղորդման հիման վրա 19.04.2022թ. ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ խարդախության եղանակով պետությունից 52.500.000 դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ: Քրեական գործի մինչդատական վարույթի շրջանակում ձեռք բերված տվյալների հիման  վրա պարզվել է, որ 2021թ. հուլիսի 15-ին ԱՀ կառավարության կողմից ընդունվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո սահմանային դարձած Մաճկալաշեն համայնքում զոհված, մահացած, անհայտ բացակայող համարվող անձանց ընտանիքների անդամների, հաշմանդամություն ձեռք բերած, տեղահանված, ինչպես նաև բազմազավակ ու սոցիալապես անապահով անձանց համար աշխատատեղեր ստեղծելու և սոցիալական բարեկեցության մակարդակը բարելավելու նպատակով նույն համայնքում թռչնաբուծարան ստեղծելու ծրագիրը հաստատելու վերաբերյալ որոշում, որի 2-րդ կետի 2-րդ ենթակետով ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների պատասխանատու է ճանաչվել «ՆԱՎԱՍԱՐԴ-ԱԳՐՈ» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս տնօրենի (մինչ այդ կնքված համագործակցության հուշագրի հիման վրա): Հիշյալ ընկերության տնօրենը, շահադիտական շարժառիթով հափշտակություն կատարելու մտադրությամբ, թռչնաբուծարանի համար 120 օրական «Լոման Բրաուն» ցեղատեսակի հավեր ձեռք բերելու և թռչնաֆաբրիկայի բնականոն գործունեությունն ապահովելու պատրվակով, պետության անունից հանդես եկող պաշտոնատար անձանց վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով, հավերը նախապես ներկրելու և գումարը կանխավճարի տեսքով ստանալու անհրաժեշտության ներկայացմամբ, պետությունից ստացել է 52.500.000 դրամ գումար, որը «ՆԱՎԱՍԱՐԴ-ԱԳՐՈ» ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցելուց հետո, շինանյութերի ու հատուկ սարքավորումների մատակարարման պարտականության ստանձնման տեսքով բանավոր կարգով անձամբ ներգրավված լինելով թռչնաֆաբրիկայի կառուցման աշխատանքներին, ստեղծել է շինարարական ու այլ աշխատանքներն ավարտին հասցնելու արհեստական խոչընդոտներ և նախատեսված հավերը մատակարարելու պարտավորությունից ազատվելու նպատակով գրություններ է ուղարկել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն այն մասին, որ «թռչնաֆաբրիկան նախատեսված ժամկետում չավարտելու պատճառով, հիշյալ գումարով ձեռք բերված 15.000 թև հավերից 7.500-ը վաճառվել է մնացածի պահպանման ծախսերը հոգալու համար, արձանագրվել է 45-50 թև հավի անկում, մնացած հավերի պահպանման ծախսը օրական ավելանում է 370.000 դրամով, 2021թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ արդեն հաշվարկվել է 19.987.500 դրամի վնաս»՝ այդպիսով ձևավորելով պետության հանդեպ որևէ պարտավորություն չունենալու կեղծ հիմքեր: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա «ՆԱՎԱՍԱՐԴ-ԱԳՐՈ» ՍՊ ընկերության տնօրենը նախաքննական մարմնի որոշմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման համար: Դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հիշյալ գործով «ՆԱՎԱՍԱՐԴ-ԱԳՐՈ» ՍՊ ընկերության տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելուց հետո նկարագրված դեպքի առնչությամբ հրապարկվել են տարբեր գնահատականներ, շոշափվել են Արցախի Հանրապետության նախագահի, այլ պաշտոնատար անձանց անուններ, ներկայացվել են քրեական հետապնդման մտացածին շարժառիթներ, հնչել է հավերը մատակարարելու վերաբերյալ ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից «ՆԱՎԱՍԱՐԴ-ԱԳՐՈ» ՍՊ ընկերությանը պահանջ ներկայացված չլինելու մասին հայտարարություն: Իրականում, հիշյալ հայտարարություններն ընդամենը հետապնդում են նախաքննական մարմնի վրա ճնշում գործադրելու նպատակ և դրանց բովանդակությունը իրականությանը չի համապատասխանում: ԱՀ իրավապահ մարմինները հետևողական պայքար են տանում պետական միջոցների  փոշիացման, հափշտակության ցանկացած դեպքի կապակցությամբ, դրանց առնչությամբ իրականացվում են ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված քննչական և դատավարական այլ գործողություններ: Քննարկվող դեպքում որպես մեղադրյալ ներգրավված անձը իր ցուցմունքով չէր ընդունել պետությունից ստացված 52.500.000 դրամի դիմաց պարտավորված հավերը մատակարարելու պարտավորությունը, ավելին՝ պնդել է պետության կողմից իրեն հավելյալ գումար վճարելու անհրաժեշտությունը: Այդուհանդերձ, քրեական հետապնդման մարմինը պատրաստ է քննարկելու պաշտպանության կողմի ներկայացրած ցանկացած միջնորդություն կամ փաստարկ: Հարկ է նշել, որ ներկայացվող քրեական գործով նախաքննության առարկան ուղղակիորեն առնչվում է 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում մեծաթիվ զոհեր տված ու պատերազմի հետևանքով սահմանային դարձած Մաճկալաշեն համայնքի կարիքավոր բնակիչների զբաղվածությունն ապահովելու նպատակով ձեռնարկված պետական ծրագրին, և այդ ընթացքում տեղի ունեցած ենթադրյալ հանցավոր դեպքի կապակցությամբ քրեական հետապնդման մարմինների գործողություններն այլ երանգներով ներկայացնելը կամ դրանց այլ գնահատականներ տալը, մեղմ ասած, ճիշտ ու արդարացի չէ, իսկ նման պնդումներն ամբողջությամբ բացահայտում են դրանց իրական «նպատակը»: