[ARM]     [RUS]     [ENG]

Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի բակում «Արցախում աշխատանք կա» խորագրով կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ, որն Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից արդեն երրորդ անգամ է կազմակերպվում: Միջոցառմանն ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հույս հայտնեց, որ տոնավաճառի ընթացքում բազմաթիվ գործատուներ և աշխատանք փնտրողներ կգտնեն իրար և փոխշահավետ պայմանավորվածության կհասնեն: Պետնախարարի խոսքով՝ լրացուցիչ այլ միջոցառումներ և մեխանիզմներ են մշակվում, որպեսզի հեշտացվի շարունակաբար աշխատանք կամ աշխատող գտնելու գործընթացը: ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալ Արամ Վերդյանի տեղեկատվությամբ՝ Արցախյան երրորդ պատերազմից հետո առաջին անգամ կազմակերպված աշխատանքի տոնավաճառին մասնակցում է 61 գործատու՝ ավելի քան 10 ոլորտից: Նրանք ներկայացրել են 1500-ից ավելի աշխատատեղ՝ 200 տարբեր մասնագիտություններով: Նախարարի տեղակալը նշեց, որ տոնավաճառը լավ հարթակ է՝ աշխատանք փնտրողների ու առաջարկողների և կրթական հաստատությունների համար: «Տոնավաճառը վառ ապացույցներից է, որ Արցախը կա, եղել և լինելու է հայկական բարիքներ և արժեքներ ստեղծող երկիր»,-ավելացրեց Ա. Վերդյանը: Գործատուներից՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի մարդկային ռեսուրսների բաժնի պետ Էլմիրա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ են մասնակցում աշխատանքի տոնավաճառին. ներկայացրել են 4 թափուր աշխատատեղ: Հուսով են, որ որակյալ մասնագետներ կգտնեն: Մասնագիտությամբ մանկավարժ Լուսինե Նասիբյանն ասաց, որ երկար տարիներ չի աշխատել: Նա ակնկալում է տոնավաճառում աշխատանք գտնել, որի շնորհիվ նաև, ընտանիքով ավելի կամրապնդվեն հայրենի հողում՝ շարունակելով ապրել ու արարել Արցախում:

Աննա Ալեքսանյան