«ԲԱՑ ՃԱԿԱՏՈՎ ԵՄ ԹՈՂՆՈՒՄ ԻՄ ՊԱՇՏՈՆԸ»
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նոյեմբերի 3-ին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի հրավիրած մամուլի ասուլիսը նվիրված էր իր պաշտոնավարման ժամանակ կատարված աշխատանքների ամփոփմանը։ Ինչպես արդեն հայտնի է, ԱՀ պետնախարարի պաշտոնն առաջիկա օրերին կզբաղեցնի հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը՝ փոքր-ինչ ավելի լայն լիազորություններով։ Ա. Բեգլարյանի խոսքով՝ այդ առնչությամբ ինքն արդեն հայտնել է իր կարծիքը՝ ողջունելով Ռ. Վարդանյանի նշանակումը հիշյալ պաշտոնում։ «Սա մեծ հնարավորություններ է ստեղծում Արցախի ժողովրդի համար՝ հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի փորձն ու կարողությունները։ Այս տեսանկյունից ես պատրաստ եմ առավելագույնս աջակցել նրան, որպեսզի պարոն Վարդանյանը կարողանա արդյունավետ ծառայություն իրականացնել»,- ասաց ԱՀ պետական նախարարը։ Նրա հավաստմամբ՝ ինքը շարունակելու է պետական ծառայությունը, բայց թե ինչ կարգավիճակով՝ առայժմ հայտնի չէ։
Ա. Բեգլարյանը պետնախարարի պաշտոնն ստանձնել է 2021թ. հուլիսի 1-ին, երբ հետպատերազմյան ծանր ժամանակաշրջան էր, ճգնաժամային իրավիճակ և բավականին լուրջ խնդիրներ կային երկրում։ Շուրջ 1,5 տարվա իր գործունեության ընթացքում բավականին հաջողություններ արձանագրվել են, հաղթահարվել են որոշ դժվարություններ, բայց, ըստ պետնախարարի, ընդհանուր առմամբ, իրավիճակն այսօր էլ դեռ ճգնաժամային է։ Հաջողությունների ցուցիչը վերջին այս երկու տարիների ընթացքում վերականգնողական լայն աշխատանքներն են, բնակչության թիվը՝ 120 հազար, բազմաթիվ ենթակառուցվածքային ու սոցիալական ծրագրերի իրականացումը, որոնք քիչ թե շատ՝ կայունացրել ու բարելավել են Արցախի բնակչության կենսակերպը։
Ա. Բեգլարյանն անդրադարձավ նաև որոշ բացթողումների, որոնք տեղի են ունեցել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով։ Մեկ այլ խնդիր է պետական համակարգում և հասարակության մեջ գաղափարախոսության պակասը, ինչը ուղղակիորեն առնչվում է հասարակության և պետական ինստիտուտների գործունեությանը։ Պետնախարարի համոզմամբ՝ ինչպես գաղափարախոսության թուլության, այնպես էլ արդյունավետ կառավարման մեջ առկա խնդիրներով պայմանավորված՝ հասարակության շրջանում վստահության բավականին լուրջ խնդիր գոյություն ունի պետական մարմինների գործունեության և պաշտոնյաների հանդեպ։ Թե՛ հասարակության մեջ վստահության ճգնաժամի և թե՛ խորքային խնդիրների առկայությունը սոցիոլոգիական լուրջ հարցեր են, որոնց ուղղությամբ պետական համակարգը պետք է աշխատի։
Ա. Բեգլարյանը հակիրճ անդրադարձավ նաև պետական նախարարի՝ կոնկրետ իր լիազորություններին։ Հաճախ թերընկալումներ են լինում այս առումով. եթե նախորդ պետական նախարարն ուներ այլ գործառույթներ և այլ ոլորտներ էլ էր համակարգում, ապա ինքն առ այսօր համակարգում էր չորս նախարարությունների և երկու կոմիտեների գործունեությունը՝ առողջապահության, ԿԳՄՍ, սոցիալական զարգացման և միգրացիայի և արդարադատության նախարարությունների ու բնակարանային հարցերի ու բնապահպանության կոմիտեների։
Ա. Բեգլարյանն իր երախտագիտությունը հայտնեց ԱՀ Նախագահին՝ իր հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի ու վստահության համար,նախորդ պետական նախարարին, պետնախարարի աշխատակազմին և պետական մյուս մարմիններին՝ համագործակցության համար։ «Ուզում եմ հավաստիացնել, որ բաց ճակատով եմ թողնում իմ լիազորությունները, քանզի առավելագույնս եմ ներդրել, առանց խուսափելու պատասխանատվությունից։ Նաև վստահեցնում եմ, որ իմ կարողություններով ու գիտելիքներով ուր էլ լինեմ՝ շարունակելու եմ իմ ծառայությունն իմ ժողովրդին, իմ հայրենիքին»,- ասաց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Պետական նախարարը նաև պատասխանեց մոտ երկու տասնյակից ավելի հարցերի՝ ինչպես ասուլիսին ներկա լրագրողների, այնպես էլ օնլայն հարթակում հասարակության կողմից հնչեցված։