ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ՆՎԱՃԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
Նոյեմբերի 4-5-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի է ունեցել Եվրոպայի 35-րդ առաջնությունը, որին Հայաստանի հավաքականի կազմում Արցախից մասնակցել է 13 մարզիկ։
Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան օղակաձեւ պուրակում այսօր՝ նոյեմբերի 10-ին, դիմավորել են առաջնությանը մասնակցած մեր մարզիկներին, որոնցից 5-ը հայրենիք է վերադարձել չեմպիոնի տիտղոսով։
Արարողության մասնակիցները աղ ու հացով, դափնիներով և բուռն ծափերով են դիմավորել պատվավոր հաղթանակներով վերադարձած մարզիկներին։
Դափնեընծայման արարողությանը մասնակցում էր նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։
Մեզ հետ զրույցում Արցախի Կիոկուշին-կարատեի ֆեդերացիայի հիմնադիր, մարզիչ Արմեն Պետրոսյանն ասաց.
- Բացառիկ արդյունքներ են արձանագրել մեր մարզիկները՝ 5 չեմպիոն, ինչը հրաշալի արդյունք է։
Հայաստանի հավաքականի 19-հոգանոց թիմում 13 մարզիկ Արցախից էին։ 5 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալներ են հայրենիք բերել մեր մարզիկները։
Արցախցի մարզիկները փայլուն արդյունքներ արձանագրելով, ևս մեկ անգամ բարձր են պահել Արցախի ու արցախցու անունը։
Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ