[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 9-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն ու փոխնախարար Գևորգ Վերանյանը մասնակցեցին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Վարդաձոր համայնքների ղեկավարների տարեկան հաշվետվություններին։ 

 Նախիջևանիկում համայնքապետ Անատոլի Սահակյանի հաշվետվությունից հետո ծայր առած քննարկումների արդյունքում հնչած հարցերի առանցքում գիշերային լուսավորության, սեփականաշնորհման վկայականների տրամադրման, ճանապարհների բարեկարգման, բերքատվության ցուցանիշների բարձրացման խնդիրներն էին։ Բնակիչների ելույթներն էլ վերաբերում էին սև ցելին, տնկիների տրամադրմանը, անասունների պահվածքի և ոռոգման խնդիրների   կարգավորմանը։

 Արամ Մխոյանը գյուղի ակտիվին ներկայացրեց գյուղոլորտում իրականացվող նոր քաղաքականությունը, ինչը ենթադրում է պետության ղեկավարության որդեգրած՝ դեմքով դեպի գյուղն ու գյուղացին քաղաքանության՝ հնարավորինս մանրակրկիտ արտածում։ Աջակցություն հեռանկարային ծրագրերին, այդ թվում և նոր մշակաբույսերի ներդրում, ոչ ավանդական պտղատեսակներով այգիների հիմնում,  ոռոգման համակարգի կարգավորում և կաթլիային ոռոգում, հողի ճիշտ սնուցման արմատավորում։ Պետությունը նաև տնկիներ կտրամադրի, բայցև, զուգահեռաբար, կհիմնվեն տնկարանային տնտեսություններ, որոնք և կմատակարարեն անհրաժեշտ տնկիները։ 

Առանձին ներկայացվեց գարնանացան մշակաբույսերի աջակցության ծրագիրը. արևածաղիկ, սորգո, հնդկաձավար, բանջարեղեն ու բազմամյա խոտ (կորնգան) աճեցնողներին աջակցության կարգով կտրամադրվեն անհրաժեշտ սերմեր ու պարարտանյութեր։

Խոսք հնչեց ոռոգման հետ կապված խնդիրների մասին։ Փոխնախարար Գևորգ Վերանյանը պարզաբանեց, որ ոռոգման համակարգի արդյունավետ կառավարում իրականացնելու համար, ջրից օգտվելու գործող կարգի համաձայն, անհրաժեշտ է նախօրոք ներկայացնել հայտեր։ 

Համայնքի ակտիվը համայնքապետ Անատոլի Սահակյանի գործունեությունը գնահատեց բավարար։

Վարդաձորում հնչած հարցերը հիմնականում նույնն էին, այն տարբերությամբ, որ այստեղ գյուղացիներին հետաքրքրում էին նաև բերքահավաքին լրացուցիչ տեխնիկա ներգրավելու, լիզինգային կարգով գյուղտեխնիկա ձեռք բերելու, վնասների դիմաց պետությունից փոխհատուցում ստանալու, ցանքաշրջանառության, արտեզյան ջրհորների և ցանքսի տեխնոլոգիաների խնդիրները, որոնց շուրջ Ա. Մխոյանը տվեց մանրակրկիտ պարզաբանում։ Ընդ որում, նախարարը երկու համայնքներում էլ հատուկ ընդգծեց, որ բերքահավաքից հետո խոզանն այրող տնտեսվարողները կզրկվեն պետական աջակցությունից։ Իսկ սև ցելի մասով էլ նշեց, որ տարիներ շարունակ գործող  ծրագիրը հիմա այլ կերպ է իրականացվում՝ դրամական միջոցների փոխարեն հողօգտագործողներին կտրամադրվեն ակնկալվող գումարի չափով սերմեր և պարարտանյութեր։

 Վարդաձորի համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանի գործունեությունը ևս գնահատվեց բավարար։

 

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին