[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՙԱՐԻ՚-Ի ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Լիբանանի Հանրապետության հայկական համայնքի տնտեսական, կրթական և քաղաքական շրջանակների հետ։


 ՙԱրցախ Րութս Ինվեսթմընթ՚ (ԱՐԻ) ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում դիմելով ներկաներին՝ Ա. Հարությունյանը գոհունակություն է հայտնել ընկերության կողմից նախորդ տարիներին Արցախում կատարված աշխատանքներից, որոնք ընդգրկել են միլիոնավոր դոլարի  ներդրումներ։ ՙՈւրախ եմ, որ տարեցտարի աճում է թե՜ շահառուների, թե՜ բաժնետերերի թիվը, ինչը վկայում է ծրագրի արդյունավետության և վստահելիության բարձր մակարդակի մասին։ Հավատացած եմ, որ ժամանակի ընթացքում ավելի շոշափելի ձեռքբերումներ կարձանագրենք մեր ճանապարհին՝ Քաշաթաղի շրջանին հնարավորություն ընձեռելով զարգացման նոր փուլ թևակոխել։ ՙԱՐԻ՚-ն օրինակելի նախագիծ է աշխարհասփյուռ հայության համար, քանի որ այն, կառավարության երաշխիքներով ու տոկոսների մասնակի սուբսիդավորմամբ, ընդգրկում է փոքր և միջին ներդրումներ մեր հայրենակիցների կողմից։ Ընկերության կողմից տրամադրվող միկրովարկերի միջոցով թե՜ Արցախի բնակիչներն են հնարավորություն ստանում եկամուտի սեփական աղբյուր ստեղծել, թե՜ բաժնետերերն են շահույթ ստանում իրենց ներդրումներից՝ միաժամանակ հայրենիքի համար կատարելով օգտակար գործ՚,- նշել է Ա. Հարությունյանը։

Բեյրութի Հայկազյան համալսարանում հանդիպելով դասախոսական կազմի և ուսանողների հետ՝ Ա. Հարությունյանը հակիրճ ներկայացրել է Արցախի պետականակերտման և տնտեսության զարգացման հաջողությունները, խնդիրներն ու հեռանկարները։ Նա կարևորել է լիբանանահայ համայնքի փորձն ազգապահպանության գործում, որում իր զգալի ներդրումն է ունեցել նաև Հայկազյան համալսարանը։ Վարչապետը վերջում պատասխանել է ներկաների տարաբնույթ հարցերին։

Ա. Հարությունյանն առանձին հանդիպումներ է ունեցել նաև Լիբանանում գործող Հայ հեղափոխական դաշնակցություն, Ռամկավար ազատական և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունների ղեկավար կազմերի հետ։ Հանդիպումների ընթացքում Արայիկ Հարությունյանը ողջունել է նշված կառույցների հայապահպան գործունեությունը՝ կարևորելով, որ նրանց ուշադրության կիզակետում լինի հայրենիքը՝ որպես բոլոր հայերի օրրան։ Կուսակցությունների ներկայացուցիչների հետ վարչապետը քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները և այդ ուղղությամբ ձեռք բերել պայմանավորվածություններ։

Այցի շրջանակներում Ա. Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության լիբանանյան կառույցի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Լիբանանի Հանրապետության հայազգի պատգամավորներ ու նախարարներ։