[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 15-ին մասնակցել է Բեյրութում կազմակերպված՝ Արցախի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև հանդիպում է ունեցել մի խումբ լիբանանցի գործարարների հետ: 

 ԱՀ անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին ջերմ ընդունելության և ամենօրյա հայրենանվեր գործունեության համար: Իր ելույթում Ա. Հարությունյանը, մասնավորապես, ասել է. ՙ25 տարի առաջ Արցախի հայությունը իրավականորեն ամրագրեց սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը՝ Արցախը հռչակելով անկախ։ Իհարկե, մենք ստիպված եղանք հազարավոր հայորդիների կյանքի գնով պաշտպանել այդ իրավունքը, որը հնարավոր չէր լինի առանց մայր Հայաստանի և աշխարհասփյուռ հայության մեծագույն աջակցության: 25 տարի առաջ ունեցել ենք կործանված կայսրություն, քայքայված տնտեսություն, հայաթափված գյուղեր, պատերազմի նախաշեմ, չունեինք զենք ու զինամթերք: Այդ ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող էինք հաղթել այս արդյունքներով, բայց հաղթեցինք: Հետո ոչ ոք չէր մտածում, որ զարգացման այսպիսի տեմպեր կունենանք։ Այո, տեմպերը բարձր են, կան նաև բազմաթիվ խնդիրներ։ 25 տարիների ընթացքում արձանագրել ենք այն ամենը, ինչը կարող է գնահատվել բավարար: Անտարակույս, սփյուռքահայությունը մեծ դեր է ունեցել և այսօր էլ ունի այդ գործում: Ինչ պետք է ունենանք 25 տարի հետո. առաջնահերթորեն ավելի հզոր ու մարտունակ բանակ և զարգացած տնտեսություն ու պետություն: Կուզենայի  այդ ճանապարհին միշտ գիտակցենք, որ հայրենիքը միայն սիրելու և այցելելու համար չէ, այլ նաև պատասխանատվություն է, որը մենք բոլորս պետք է կիսենք՚: 

Վարչապետ Հարությունյանը նաև հանդիպել է մի խումբ լիբանանցի գործարարների, ներկայացրել Արցախի տնտեսության առաջնահերթություններն ու ներդրումային գրավչությունը: Գործարարների հետ վարչապետը քննարկել է հնարավոր համագործակցության հեռանկարները, պատասխանել նրանց հարցերին, ինչպես նաև ձեռք բերել որոշ պայմանավորվածություններ կապերի հետագա խորացման շուրջ: 

Նշված միջոցառումով ավարտվել է վարչապետի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիբանանի Հանրապետություն։ 

 

ԱՀ կառավարության աշխատակազմի 

տեղեկատվության և հասարակայնության 

հետ կապերի բաժին