[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖԼԱՆԴՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Մարտի 14-16-ը Արցախում էր Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանական պատվիրակությունը

 Այցի ծրագրի մեկնարկին պատվիրակության անդամները  ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանի  ուղեկցությամբ  այցելել  են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրմաքարերին:

Մարտի 15-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆլանդրիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Բելգիայի Սենատի առաջին փոխնախագահ Կարլ Ֆոնլաուվեն, Ֆլամանդական խորհրդարանի անդամներ Կարիմ ֆոն Օվերմեյերը, Վարդ Քեննեսը, Մարկ Հենդրիքսը, պրոֆեսոր Փոլ Միրթսը: Պատվիրակությանն ուղեկցում են այցի կազմակերպիչ՝ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարապետյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ Արցախի խորհրդարանական կապերի մեջ եվրոպական ուղղությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, իսկ Բելգիայի տարբեր մակարդակի խորհրդարանականների հետ հանդիպումներն ավանդույթ են դառնում:

Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Ֆլանդրիայի խորհրդարանականների հետ շփումներն ու կապերը՝ օրենսդրական փորձի ու մշակույթի փոխանակման տեսանկյունից եւ համոզմունք հայտնել, որ այն օգտակար կարող է լինել Արցախի համար:

Այնուհետեւ հանդիպումն ընդլայնված ձեւաչափով շարունակվել է Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում՝ օրենսդիր, գործադիր և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Իր ելույթում Աշոտ Ղուլյանն ուսանելի է համարել Ֆլամանդական խորհրդարանի գործընկերների՝ ազգային ինքնության պահպանման ուղղությամբ երկարատեւ ու հետեւողական պայքարը, որն, ի տարբերություն մեր տարածաշրջանի,  արտահայտվում է ազգերի կողմից իրենց իրավունքների համար տարվող քաղաքակիրթ երկխոսության միջոցով:

Ֆլամանդական խորհրդարանի անդամ Կարիմ Օվերմեյերի խոսքով՝ այս այցը խորհրդանշում է այն համակրանքը, որ իրենք ունեն Արցախի՝ երիտասարդ ժողովրդավարության հանդեպ: ՙԱրցախը ոչ միայն  ամրոց է Հայաստանի, այլ նաեւ՝ Եվրոպայի համար՚- ընդգծել է  նա:

ՙԵս Արցախը համարում եմ քրիտոնեական աշխարհի մաս, որին ինքս եմ պատկանում՚,- նշել է Ֆլանդրիայի օրենսդիր մարմնի մեկ այլ ներկայացուցիչ Վարդ Քեննեսը:

Ֆլամանդական խորհրդարանի անդամ, Մեխելենի փոխքաղաքապետ Մարկ Հենդրիքսն իր ելույթում խոսել է Մեխելի հայ համայնքի ունեցած դերի մասին ու կարեւորել հնարավոր համագործակցությունը:

Իր ելույթում սենատոր Կարլ Ֆոնլաուվեն կարեւորել է ժողովրդավարության եւ ինքնության արժեքների՝ քաղաքականության մեջ ունեցած նշանակությունը: Անդրադառնալով  Ֆլանդրիայի ու Արցախի ժողովուրդների՝ ազգային ինքնության պահպանման համար պայքարին՝ սենատոր Ֆոնլաուվեն մասնավորապես ընդգծել է. ՙԵս չեմ կարող համեմատել ինքնության համար ֆլամանդական խաղաղ պայքարը Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ իրավիճակի հետ: Դժվար է պատկերացնել, որ նման հանդիպում շուրջ երեսուն տարի առաջ հնարավոր չէր կազմակերպել զուտ այն պատճառով, որ այստեղ պատերազմ էր՚:

Հանդիպման արդյունքներով ուրվագծվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն ու ընդգծվել համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացման, մասնավորապես, ապակենտրոնացված համագործակցության կարեւորությունը:

ԼՂՀ Ազգային ժողովի 

մամուլի ծառայություն