[ARM]     [RUS]     [ENG]

Կարծում եմ՝ անհրաժեշտ է ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ աշխատել. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ օրակարգի շրջանակներում քննարկվել են Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը և այլ հարցեր:

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը գործում են ըստ նախապես մշակված պլանի, և որոշակի նախարարություններ, կարծում եմ, առանց աժիոտաժի, առանց որևէ լարվածության պետք է անցնեն ուժեղացված աշխատանքի, ուժեղացված ծառայության, ինչպես նախատեսված է մեր ծրագրերով: Միջոցներ են ձեռնարկվել սահմանամերձ շրջանի բնակչության անվտանգության ապահովման համար: Կարծում եմ՝ այդ միջոցները բավարար են, բայց ես համոզված եմ և առաջարկում եմ քննարկենք, որ մենք մեկ քայլ առաջ պետք է գնանք: Արտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ»,- ասել է Նախագահը: