[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ ՄՈՒՏՔԻ ԽՈՍՔԸ

6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի 3-րդ լիագումար նիստում

 Հարգելի գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Այս օրերին, նախքան խորհրդարանի լիագումար նիստ հրավիրելը? Ազգային ժողովի մարմինների կողմից որոշակի աշխատանքներ են տարվել մշտական հանձնաժողովներում, խմբակցություններում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների ու դրանց հետեւանքների վերաբերյալ խորհրդարանի քաղաքակական դիրքորոշումը ներկայացնելու, ագրեսիայի արդյունքում առաջացած հումանիտար խնդիրները քննարկելու, եզրակացություններ ձեւավորելու ուղղությամբ:  

Ապրիլյան առաջին օրերի մեր ապրումները մեծամասամբ կապված են այն սխրագործությունների հետ, որոնք մեզ հպարտություն են հաղորդել Հայոց բանակի՝ Պաշտպանության բանակի ու, առաջին հերթին, նրա 18-20 տարեկան զինվորների եւ նրանց հրամանատարների անձնազոհ ջանքերի օրինակներով: 

Խորը կսկիծով ենք ընդունել Հայրենիքի պաշտպանության համար զինծառայողների զոհվելու եւ քաղաքացիական անձանց սպանվելու լուրերը: Հայրենիք ազատագրած մարտիկների զավակները կասկածի նշույլ անգամ չթողեցին երկրի անկախությունն ու ազատությունը կյանքի գնով պաշտպանելու իրենց վճռականության մեջ: Փա՜ռք ու պատի՜վ նահատակներին:

Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ մեր ծնողական ու քաղաքացիական հարգանքի տուրքը մատուցել ապրիլ ամսվա ընթացքում զոհված բոլոր քաջազունների ու խաղաղ բնակիչների հիշատակին:

Շնորհակալություն:

Խորհրդարանի կողմից կատարված աշխատանքների համատեքստում կցանկանայի նշել ՀՀ ԱԺ մի քանի պատվիրակությունների այցերը Ստեփանակերտ եւ մեր գործընկերների հետ համագործակցությունը՝  Արցախի խաղաղ բնակչության դեմ բռնարարքների, այդ թվում՝ վայրագ սպանությունների, ինչպես նաեւ հայկական բնակավայրերի հրթիռա-հրետակոծության հետեւանքների ուսումնասիրման եւ միջազգային ատյաններին ներկայացման գործում: 

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված հանձնախմբի աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ խորհրդարանը շարունակելու է հետեւողական լինել այս ուղղությամբ: 

Ապրիլի 2-ին Արցախի Հանրապետության դեմ հերթական անգամ ձեռնարկված ագրեսիան էական փոփոխություններ է մտցրել մեր խորհրդարանական գործունեության մեջ, որտեղ այս պահին ու, վստահ եմ, առաջիկա օրերին լուրջ տեղ է վերապահված նաեւ խորհրդարանական դիվանագիտությանը: Միջազգային խորհրդարանական հարթակներում նույնպես ակտիվ քննարկումներ  են ընթացել՝ կապված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության աննախադեպ սրացման հետ (Եվրախորհրդարան, ԵԽԽՎ):  

ԵՄ խորհրդարանի լիագումար նիստին մի խումբ պատգամավորներ իրենց հայտարարություններում քննադատեցին Ադրբեջանի հերթական ագրեսիան՝ կոչ անելով նաեւ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

ԵԽԽՎ-ում երկու օր առաջ գրավոր հայտարարություն է տարածվել, որը նույնպես դատապարտում է Բաքվի կողմից զինադադարի խախտումն ու աջակցություն հայտնում ԵԱՀԿ  ՄԽ համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին: 

 

21 ապրիլի 2016թ.