[ARM]     [RUS]     [ENG]

Սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 17-ը

ԼՂՀ կառավարության որոշմամբ, սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 17-ը:

Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքների համապատասխան հոդվածները` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել սույն թվականի սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016թ սեպտեմբերի 17-ը` շաբաթ օրը:

Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին սեպտեմբերի 11-ին կնշի Խաչվերացը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: