[ARM]     [RUS]     [ENG]

ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ` կապված ԵԱՀԿ առաքելության կողմից անցկացվող դիտարկումների հետ

Ս. թ. սեպտեմբերի 14-ին Արցախի հեռուստատեսությամբ արդեն որերորդ անգամ հայտարարվեց  ավանդական դարձած երկու հաղորդագրություն։

Հաղորդագրություններից առաջինը հայտնում էր, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 40 անգամ` ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 450 կրակոց։ Երկրորդը վերաբերում էր ԵԱՀԿ առաքելության, այսպես կոչված, դիտարկմանը, որն անց էր կացվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով՝ Ֆիզուլու շրջանի սահմանի մոտակայքում, որի ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել։ Երևում է, երկու հաղորդագրություններն էլ համապատասխանում էին իրականությանը։ 

Սակայն մեզ զարմացնում է այն, որ տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ռեժիմի սիստեմատիկ խախտումների պայմաններում անցկացված դիտարկումներից ոչ մեկն էլ չի արձանագրել այդ ռեժիմի խախտման ոչ մի դեպք։ Ավելի քան տարօրինակ իրավիճակ է ստեղծվում։  Անգամ եթե ենթադրենք, որ դիտարկումների ընթացքում հաստատված ռեժիմի խախտումներ են բացահայտվել, և դա ռազմական գաղտնիք է, կամ թե ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ ՊԲ տեղեկությունները հավաստի չի համարում, ապա խիստ անհրաժեշտ է այդ հանգամանքների մասին բարձրաձայնել։ Բայց  դա տեղի չի ունենում։

Հարց է ծագում՝ ԵԱՀԿ առաքելությունն իր ՙհաջող՚ անցկացված դիտարկումներով ո՞ւմ է ուզում մոլորության մեջ գցել։ Հակամարտող կողմերի՞ն, թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ¬երկրների ղեկավարներին։ Կարծես թե բոլորին` ներառյալ իրենց իսկ։ Այսպես կոչված դիտարկումները ՙհաջող՚ են անցնում նաև այն պատճառով, որ դրանց անցկացման վայրի և ժամանակի մասին կողմերը նախօրոք տեղեկացվում են, և սա էլ կանխորոշում է դիտարկման արդյունքները։ Ընդ որում, ԵԱՀԿ դրոշը, սաղավարտները, զրահաբաճկոնները, մեքենաների շարասյուները, արձանագրություններն  օգտագործվում են դիտարկմանը համոզչություն հաղորդելու համար։ Եթե վերը թվարկված ատրիբուտները դեռ կարողանում են հանդուրժել նման անարգանքը, ապա ԵԱՀԿ¬ի դրոշը, որ  հանդիսանում է միջազգային այդ հեղինակավոր կազմակերպության խորհրդանիշ, հայտնվում է, մեղմ ասած, նվաստացուցիչ դրության մեջ, քանի որ դառնում է կրակի դադարեցման ռեժիմի պահպանման հարցում իրական իրավիճակի կեղծման մեղսակից: Այս ամենի հնարավոր բացատրությունն այն հանգամանքն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ չունի բավարար լիազորություններ, կամ անհրաժեշտ կամք չի ցուցաբերում իրական վիճակի անաչառ գնահատման հարցում։ Մի՞թե այդքան դժվար է լուծել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու հարցը։ Հենց նրանք են ՙխաղաղ՚ ժամանակ երկու կողմից մարդկային զոհերի պատճառ դառնում։ Եթե կողմերից մեկը կամ երկուսն էլ հրաժարվում են անել դա, ապա այդ մասին պետք է խոսվի հստակ և հրապարակավ։ Բայց դա էլ չի արվում։ Դեռ ավելին, ԵԱՀԿ Մինսկի խումբը պատշաճ գնահատական չի տվել նույնիսկ ս. թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողություններին, թեև կրակի դադարեցման ռեժիմի խախտման մեղավորին որոշելու համար դիտարկում անցկացնելու անհրաժեշտություն չկար։ Առանց այդ  էլ պարզ էր, թե այդ գործողությունները ո՜ր տարածքում էին տեղի ունենում, ո՜ր կողմն էր փորձում նոր դիրքեր գրավել և, ընդհանրապես, ո՜ւմ էր այդ ամենը պետք։ Նման իրավիճակի մենք բախվել էինք դեռ 1989թ.,   երբ ԽՍՀՄ ղեկավարությունն ստեղծեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հատուկ կառավարման կոմիտե։ Լինելով այդ կոմիտեի անդամ՝ ես բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես կոմիտեն, հակառակ անհերքելի փաստերի, փորձում էր հավասարության նշան դնել ադրբեջանական և ղարաբաղյան կողմերի գործողությունների միջև, ինչը մարդկային զոհերի, հրկիզումների և դիվերսիաների պատճառ դարձավ։ Այն ժամանակ ինչո՞վ ավարտվեց այդ ամենը։ Կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկին քաղաքական կամք դրսևորեց ու Միխայիլ Գորբաչովին ազնվորեն խոստովանեց՝  արտահայտվելով, նրա իսկ բառերով, որ ծագած հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հեռանկար չի տեսնում։ Արդյունքում 1990թ. սկզբին կոմիտեն լուծարվեց։ Մենք ոչ թե կոչ ենք անում ցրել ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ համառորեն նրան խորհուրդ ենք տալիս իր գործունեությունն ակտիվացնել, մեծ օբյեկտիվություն դրսևորել ադրբեջանական և հայ-ղարաբաղյան կողմերի գործողություններին գնահատական տալու մեջ։

Կարող է այնպես պատահել, որ այս բարդ և երկարատև հակամարտությունն իր հանգուցալուծումն  ստանա միջազգային այլ կազմակերպությունների ու շահագրգիռ պետությունների ջանքերի շնորհիվ կամ, ինչն ավելի ցանկալի է, հակամարտ կողմերի բարի կամքի դրսևորման արդյունքում։ Այդ ժամանակ ստիպված կլինեն անցկացնել իսկական դիտարկում (առանց սաղավարտների և զրահաբաճկոնների, բայց` ԵԱՀԿ դրոշի ներքո), բայց արդեն՝ ԵԱՀԿ¬ի առաքելության ձախողման պատճառները բացահայտելու նպատակով։  

Վլադիմիր ԹՈՎՄԱՍՅԱՆ 

Արցախի խորհրդարանականների 

ասոցիացիայի անդամ