ԱՀ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 5-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Երկու կառավարությունների անդամները, վարչապետների գլխավորությամբ, սկզբում այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել այնտեղ։ Այնուհետև կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գործադիր մարմինների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու խնդիրները։ Ողջունելով ՀՀ գործընկերներին, Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու համար։ Արցախի իշխանությունների անունից նա շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ ԼՂՀ նախագահի կողմից ՙՄեսրոպ Մաշտոց՚ շքանշանին արժանանալու առթիվ։
Արցախի Հանրապետության վարչապետը հաջողություններ է մաղթել Կարեն Կարապետյանին՝ նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
ՙՑանկանում եմ հաջողություններ մաղթել Ձեզ, պարո՜ն վարչապետ, այս պատասխանատու ժամանակահատվածում կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Դա աշխատանք չէ, ծառայություն չէ, դա առաքելություն է, և, այդ առումով ինչ-որ տեղ նաև Ձեր հաջողությամբ է պայմանավորված մեր ազգի ապագան։ Այն վստահությունը, որ այսօր կա հայ ազգի մոտ՝ ոչ միայն ՀՀ-ում, ԼՂՀ-ում, այլ նաև Սփյուռքում, համոզված եմ, որ արդարացվելու է։ Ոչ միայն ՀՀ-ն է Ձեր պաշտոնավարման ժամանակ հաջողություններ արձանագրելու, այլ նաև Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության առումով արդյունքները ևս պայմանավորված են լինելու Ձեր հաջողություններով՚,- նշել է Արայիկ Հարությունյանը։
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը նշել է, որ իրեն պարտավորված է զգում և գործնական է տրամադրված երկու կառավարությունների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և փորձի փոխանակումն ընդլայնելու գործում։
ՙԱրցախի Հանրապետության վարչապետի հետ մենք գաղափարակիցներ ենք, և տնտեսության զարգացման մեր պատկերացումները նույնն են։ Ուստի ակնկալում եմ առավելագույն արդյունավետ աշխատանք՝ առկա խնդիրների վերհանման և քննարկման ժամանակ, ինչպես նաև հետագա համագործակցության ընթացքում դրանց լուծումներ տալու գործում՚,- նշել է ՀՀ վարչապետը։
Այնուհետև ԱՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է 2007-2015թթ. ընթացքում տնտեսության զարգացման ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ անդրադառնալով տարբեր ոլորտների զարգացման գործիքակազմերին և խնդիրներին։ Կ. Կարապետյանը, տպավորիչ և օրինակելի համարելով ներկայացված մակրոցուցանիշները, ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտների զարգացումը խթանող նոր գործիքների մշակման անհրաժեշտության վրա։
Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցների գործառույթներն ու ցուցանիշները։ Վարչապետ Ա. Հարությունյանը ներկայացրել է ներդրումային և գյուղատնտեսական ծրագրերի ուղղությամբ կառավարության քաղաքականության հիմնական տրամաբանությունը։ Նա շեշտադրել է, որ նշված հիմնադրամները բազմակողմանի աջակցություն են տրամադրում տնտեսվարող սուբյեկտներին՝ նպատակ ունենալով թե՜ խթանել տնտեսական ակտիվությունը, թե՜ ավելացնել բնակչության եկամուտները և թե՜ աջակցել խնդիրներ ունեցող ձեռնարկություններին։ Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել երկու հիմնադրամների դերակատարումը վերջին տարիներին Արցախի տնտեսական բարձր և կայուն աճի ապահովման գործում։ Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել ԱՀ կառավարության կուտակած փորձով կիսվել ՀՀ գործընկերների հետ
Կ. Կարապետյանը իր դրական տպավորությունն է արտահայտել հիմնադրամների գործունեության ու կիրառվող գործիքակազմի վերաբերյալ և հանձնարարել ՀՀ համապատասխան պաշտոնյաներին՝ փորձի փոխանակման միջոցով քայլեր ձեռնարկել ՀՀ-ում ևս նմանատիպ կառույցներ հիմնելու և գործունեություն ծավալելու ուղղությամբ։
Խորհրդակցության ընթացքում կողմերն առաջ են քաշել կոնկրետ առաջարկներ և ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություններ դրանց կյանքի կոչման ուղղությամբ։ Հանդիպման ավարտին կառավարությունների ղեկավարները տվել են համապատասխան հանձնարարականներ՝ վերհանված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով։
Վերջում երկու կառավարությունների ղեկավարների գլխավորությամբ առանձին խորհրդակցություն է տեղի ունեցել էներգետիկայի ոլորտում համագործակցության կոնկրետ ծրագրերի շուրջ։ Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ հետագա անելիքների վերաբերյալ։
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ
կապերի բաժին