[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների առաջին իսկ օրը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հանձնառություն է ստանձնել միջազգային իրավապաշտպան հանրությանը ներկայացնելու ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը։

 ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանն ապրիլի 21-ին հրապարակել է ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նախնական հանրային զեկույց։ Զեկույցը վերաբերում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներին, այդ թվում՝ գլխատումների, խոշտանգումների, զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների անարգման փաստերին, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների հրետակոծությանը։ Զեկույցը մշակվել է բաց աղբյուրների հիման վրա (մամուլ, սոցիալական ցանցեր և այլն)։

ԼՂՀ մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԼՂՀ Ազգային ժողովի առջև հրապարակավ հանձնառել է իրականացնելու փաստահավաք առաքելություն` նպատակ ունենալով մշակել ապրիլյան պատերազմի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ վերջնական զեկույց։ Փաստահավաք առաքելությունը նախաձեռնվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի 2016թ. մայիսի 11-ի որոշմամբ՝ ՙՄարդու իրավունքների պաշտպանի մասին՚  ԼՂՀ օրենքի  11-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա։

Դեռևս շարունակվող փաստահավաք առաքելության ընթացքում արդեն իսկ կատարվել են բազմաթիվ այցեր, ականատեսների հետ՝ տասնյակ հարցազրույցներ, ռազմական, բժշկական և տեխնիկական մասնագետների հետ խորհրդակցություններ, ինչպես նաև ԼՂՀ պետական մարմիններից տեղեկատվության տրամադրման մասին հարցումներ և բաց աղբյուրների մշտադիտարկում։

Փաստահավաք առաքելության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել առանձին զեկույցով անդրադառնալու մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող հարցի, այն է` ադրբեջանական զինված ուժերի վարքագիծն իրենց հսկողության ներքո հայտնվածների նկատմամբ։

Ադրբեջանական զինված ուժերը կարճաժամկետ կամ երկարաժամկետ հսկողություն են ունեցել ընդհանուր թվով 31 անձանց կամ նրանց մարմինների նկատմամբ (այդ թվում` 3 քաղաքացիական անձ)` երեք աշխարհագրական ուղղություններով յոթ առանձին միջադեպերի հետևանքով։ Ադրբեջանի հսկողության ներքո հայտնվածների շուրջ 90%-ը ենթարկվել են պատերազմական հանցանքների. նրանք խոշտանգվել են, դատապարտվել են մահվան, կամ նրանց մարմիններն անարգվել են։ Այդ հանցանքները կրել են համակարգված և կազմակերպված բնույթ, քանի որ կատարվել են բոլոր երեք աշխարհագրական ուղղություններով` ապրիլի 2-ին  արցախյան կողմի անձանց նկատմամբ հսկողություն հաստատած բոլոր ադրբեջանական զինվորական ստորաբաժանումների կողմից։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նոր հանրային զեկույցը հրապարակվելու է ս/թ դեկտեմբերի 9-ին։ Նույն օրը ժամը 14։00-ին Ռուբեն Մելիքյանը կհրավիրի մամուլի ասուլիս։ Ասուլիսին մասնակցության համար կարող եք զանգահարել 097227276 հեռախոսահամարով։

 

 ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

 05.12.2016թ.