[ARM]     [RUS]     [ENG]

Շնորհավորական ուղերձ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ տիկին Գլեդիս Բերեջիկլյանին

Ուղերձում ասված է. <<Հարգարժա՛ ն տիկին Բերեջիկլյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր գիտելիքներն ու հարուստ փորձը լավագույնս կծառայեն ի բարօրություն նահանգի բնակչության։ Նոր Հարավային Ուելսը, առաջատար դերակատարություն ունենալով Ավստրալիայի տնտեսական ու քաղաքական կյանքում, հայտնի է նաեւ որպես մի երկրամաս, որտեղ մշտապես կարեւորել են ժողովուրդների ազատությունն ու իրավահավասարությունը, մարդու իրավունքներն ու համընդհանուր ժողովրդավարական արժեքները։ Այդ իրողության վառ արտահայտությունն է նաեւ 2012 թվականի հոկտեմբերի 25-ին նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ անկախության եւ նրա բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում նոր շունչ ու բովանդակություն կհաղորդվի Արցախի եւ Նոր Հարավային Ուելսի միջեւ բարեկամական կապերին՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության հաստատմանը։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ Ձեր առաքելության իրականացման ճանապարհին>>։