ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ապրիլի 5-ին խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում հյուրընկալել է Ստեփանակերտի Վիտալի Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցիչների։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանում պարբերաբար կազմակերպվում են նման հանդիպումներ հանրապետության տարբեր կրթական հաստատությունների աշակերտների և ուսանողների համար և հույս հայտնել, որ դրանք երկուստեք օգտակար կլինեն։
Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի անկախ պետականության առաջին տարիներից սկսած օրենսդիր մարմնի անցած ճանապարհը և ունեցած հաջողությունները, անդրադարձել գործող խորհրդարանի կառուցվածքին և պարզաբանել օրենսդրական գործունեության առանձնահատկությունները։
ԱԺ նախագահն ընդգծել է երիտասարդ սերնդի դերը պետության զարգացման և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում առավել մեծ նվաճումներ գրանցելու հարցում։ Այս համատեքստում կարևորվել է ընձեռված հնարավորությունները ճիշտ օգտագործելու կարողությունը և ապագա մասնագիտության ընտրությունը՝ որպես հետագա հաջողությունների երաշխիք։
ՙԱյն, ինչ այսօր ձեզ հասու է, մեզ համար եղել է անիրականանալի երազանք։ Հնարավորություններն այսօր անսահմանափակ են, պետք է խելամիտ օգտագործել դրանք՚,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը։
Այնուհետև, պատասխանելով աշակերտների հարցերին՝ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, կատարված փոփոխություններին, ինչպես նաև Արցախի ներքին ու արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերին։
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը մասնակիցներին նվիրել է գրքեր։
Արցախի Հանրապետության
ԱԺ մամուլի ծառայություն