[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի զատկական պատգամը

Սիրելի արցախցիներ,

Տարին կրկին մոտեցավ նվիրական այն պահին, երբ ազգովի պետք է նշենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության` Ս. Զատկի տոնը:

 Աստծո պատկերով ու նմանությամբ ազատ ստեղծված առաջին մարդիկ ի չարը գործադրեցին իրենց ազատ կամքը` խախտելով իրենց տրված միակ պատվիրանը և մեղքը ներմուծելով մարդկային կյանքի մեջ, ինչի արդյունքում վտարվեցին դրախտից և դարձան մահկանացու` այդ անեծքը տարածելով մարդկային ողջ ցեղի վրա: «Մեղքի վարձը մահն էե, - ասվում է Ս. Գրքում, և այդ վարձը հատուցում են բոլոր մարդիկ, քանզի բոլորն էլ մեղանչում են և ի վերջո վճարում իրենց մահվամբ:

Դարեր ու հազարամյակներ շարունակ մարդկությունը որոնել է իր ամենաանպարտելու թշնամուն` մահվանը հաղթելու ուղիները, սակայն ապարդյուն, քանզի անկախ ունեցած հոգևոր, մտավոր, բարոյական, ֆիզիկական և նյութական հնարավորություններից ու առավելություններից, բոլոր մարդիկ հավասարապես անզոր են մահվան գերիշխանության հանդիման:

Եվ ահա գալիս է ժամանակը, երբ Աստված Ինքը տալիս է մարդկությանը մահվանը հաղթելու և անմահության հասնելու միջոցը: Եվ ի?նչն է ամենաանկանխատեսելին ու ամենազարմանալին. այդ միջոցը հենց ինքը մահն է. մահ, որին հետևում է հարությունը և անմահությունը:

Մարդկության համար անխորտակելի այս դուռը բացելու համար Աստված մարմին է առնում և մարդանում, ապրում մարդկանց մեջ և ուսուցանում փրկության ճանապարհը: Ապա, Իր վրա վերցնելով ողջ մարդկության մեղքը, խաչի վրա տաժանակիր մահվամբ մահանում է և երրորդ օրը Հարություն առնում`խորտակելով մեղքի ու մահվան շղթաները և լայնորեն բացելով հավիտենական փրկության ու անմահության դռները: Ս. Հարության տոնի շարականը սքանչելի կերպով ներկայացնում է այս խորհուրդը. «Քրիստոս հարություն առավ մեռելներից, մահվամբ մահը խորտակեց և մեզ կյանք պարգևեցե: 

Սիրելի արցախցիներ, տոգորված այս խորին խորհրդով` ձեզ ենք բերում Մեր օրհնությունը և Ս. Հարության տոնի երջանիկ ավետիսը.

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի: