[ARM]     [RUS]     [ENG]

Վաղեմության ժամկետ չունեցող այս ոճիրը չպետք է մոռանա նաև քաղաքակիրթ աշխարհը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.

 «Սիրելի՛ հայրենակիցներ,

1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ մեր ժողովրդի հազարամյա պատմության ամենաողբերգական և արյունալի էջերից մեկը: Ապրիլյան այդ օրերին Օսմանյան Թուրքիայում մեկնարկ տրվեց հրեշավոր մի ծրագրի, որի նպատակն էր ի սպառ բնաջնջել հայ ժողովրդին, ոչնչացնել մեր պատմական հայրենիքը, մշակութային և հոգևոր արժեքները:
Սա մարդկության դեմ պետականորեն իրականացված առաջին ցեղասպանությունն էր, որի զոհ դարձան ավելի քան մեկուկես միլիոն հայեր, գրեթե նույնքան էլ բռնագաղթեցին իրենց պապենական օջախներից ու բնօրրանից, նրանց ունեցվածքը թալանվեց և յուրացվեց դահիճների կողմից:
Սակայն հայ ժողովուրդն իր անսասան հավատքի, տոկունության, հայրենիքի նկատմամբ անսահման սիրո և նվիրվածության շնորհիվ կարողացավ դիմակայել այդ սարսափելի արհավիրքին: Մեր պատմական հայրենիքի մի փոքր մասում կրկին վեր խոյացավ հայոց եռագույնը, և այսօր ունենք ազատ, անկախ ու ինքնիշխան Մայր Հայաստան և Արցախի Հանրապետություն:
Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցները, ովքեր ապաստան գտան երկրագնդի տարբեր ծայրերում, ձևավորեցին հզոր սփյուռք, որն ապրում է հայրենիքի հոգսերով և հանդիսանում է մեր պետականության կարևորագույն հենասյուներից մեկը: 
Հայ ժողովրդի հիշողությունից երբեք չի ջնջվի Մեծ եղեռնը: Մենք հաստատակամորեն շարունակելու ենք պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և նրա ժխտումը դատապարտելու համար:
Վաղեմության ժամկետ չունեցող այս ոճիրը չպետք է մոռանա նաև քաղաքակիրթ աշխարհը: Մոռացությունն ու անտարբերությունն այստեղ ինքնին հանցագործություն են և նպաստում են ապագայում նոր ոճրագործությունների իրականացմանը: Այս պարզ ճշմարտությունը բազմիցս ապացուցվել է 20-21-րդ դարերում, և մենք շնորհակալ ենք այն մարդկանց ու պետություններին, որոնք այդ ծանր օրերին եղել են մեր ժողովրդի կողքին, որոնք այսօր էլ սատարում են մեզ` հանուն արդարության վերականգնման մեր պայքարում:
Ոգեկոչելով սուրբ նահատակների հիշատակը՝ մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր հայրենիքի պաշտպանունակության ու ժողովրդի անվտանգության ամենահուսալի գրավականը ազատ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետականությունն է, մարտունակ բանակը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը, որոնց ամրապնդման, զարգացման ու զորացման համար կանենք ամեն ինչ»: