ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի մի խումբ երիտասարդների, ովքեր Արցախ են ժամանել ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ղեկավար Նիկոլա Տավիտյանի ուղեկցությամբ՝ ՙԵվրոպան հանուն Արցախի՚ սեմինար-ծրագրի շրջանակներում։
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է եվրոպական երկրներում հայ երիտասարդների ներգրավվածությունը համազգային ծրագրերում ու այդ ներուժի ճիշտ օգտագործումը համաեվրոպական տարածքում՝ Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման նպատակով։
ՙՄենք պետք է ծրագրենք մեր համատեղ քայլերը, ճիշտ աշխատանքի բաժանում կատարենք և եվրոպացիներին ընկալելի տեղեկատվություն ներկայացնենք արցախյան իրողությունների մասին։ Այս գործում բոլորս անելիք ունենք՚,- ընդգծել է ԱԺ նախագահը։
Հանդիպման մասնակիցները ևս պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցել Արցախի պետական և հասարակական կառույցների հետ՝ իրենց երկրներում Արցախն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ։
Այնուհետև, պատասխանելով հյուրերի հարցերին, Աշոտ Ղուլյանն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, տարածաշրջանային զարգացումներին ներգրավվածությանը և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի։
Հանդիպմանը մասնակցել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը։
Արցախի Հանրապետության
Աժ մամուլի ծառայություն
***
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի մի խումբ ներկայացուցիչների, ովքեր Արցախ են ժամանել ՀԲԸՄ ՙԵվրոպան հանուն Արցախի՚ ծրագրի շրջանակներում։
Վարչապետը ողջունել է ՀԲԸՄ նախաձեռնությունը՝ կարևորելով կառույցի ներկայացուցիչների անմիջական շփումը Արցախի հետ, ինչն ամուր հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար։
ՙԲարով եք եկել ձեր հայրենիք, դուք մեր դեսպաններն եք Եվրոպայում։ ՀԲԸՄ դերը մեծ է Արցախում. անկախության հռչակումից ի վեր այն ակտիվորեն գործում է այստեղ։ Հատկանշական են կառույցի աշխատանքները կրթության ոլորտում, և մենք ակնկալում ենք ավելի մեծ մասնակցություն թե՜ այդ և թե՜ հնարավոր այլ ուղղություններում։ Կառավարությունը պատրաստ է առավելագույնս աջակցել ձեր բոլոր ծրագրերին, այդ թվում՝ Արցախն արտասահմանում ներկայացնելու ձեռնարկումներին՚,- ասել է վարչապետը։
Ա. Հարությունյանը պատվիրակության ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել մեր երկրի սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերի, սպասվող արդյունքների և դրանցում Սփյուռքի ունեցած դերի վրա։ Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին։
ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ղեկավար Նիկոլա Տավիտյանը ներկայացրել է ՙԵվրոպան հանուն Արցախի՚ ծրագրի մանրամասները և պատրաստակամություն հայտնել ավելի սերտորեն համագործակցել Արցախի պետական կառույցների հետ։
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին