[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ՆԱՀԱՆԳԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին նահանգային Սենատի և Վեհաժողովի մի խումբ անդամներ։ 

 Ա. Հարությունյանը կարևորել է ամերիկյան պատվիրակության այցն Արցախ և նշել, որ հետաքրքիր ժամանակահատվածում են հյուրընկալվել, քանի որ հանրապետությունում այսօր նշվում է ՙԲերքի տոնը՚։ Պետնախարարի խոսքով՝ տոնի առթիվ ներկայացված ապրանքներն առաջին հերթին Արցախում առկա խաղաղության և զարգացման արդյունք են։ 

Անդրադառնալով Արցախում Միացյալ Նահանգների դերակատարությանը՝ Ա. Հարությունյանն ընդգծել է այն հանգամանքը, որ, բացի Հայաստանի Հանրապետությունից, ԱՄՆ-ն միակ պետությունն է, որ ամեն տարի ուղիղ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախին։ ՙՇնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ ժողովրդին ու իշխանություններին, որ մեզ աջակցում են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող հակամարտության կարգավորման գործընթացի համանախագահությամբ, այլև մարդասիրական ծրագրեր իրագործելով։ 1990-ական թվականներից սկսած՝ ամերիկյան կառավարության աջակցությամբ Արցախում բազմաթիվ բնակարաններ են վերականգնվել և կառուցվել, անցկացվել ջրագծեր, հարյուրավոր հեկտարների վրա ականազերծման աշխատանքներ իրականացվել։ Ուրախությամբ կուզենայի շեշտադրել նաև վերջին տարիներին ԱՄՆ նահանգային մակարդակով Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի կարևորությունը, որում իր ուրույն տեղն ունի Կալիֆոռնիայի Սենատի 2014թ. Բանաձևը՝ ԱՀ անկախության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ։ Համոզված եմ՝ դա նոր որակ է հաղորդելու մեր հետագա համագործակցության զարգացմանը թե՜ տնտեսական ու քաղաքական և թե՜ մարդասիրական և այլ ոլորտներում՚,- ասել է Ա. Հարությունյանը և հատուկ կարևորել Կալիֆոռնիայի հայ համայնքի դերակատարությունն առկա կապերի խորացման ու ամրապնդման գործում։

Կալիֆոռնիայի խորհրդարանական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ նախորդ այցերի համեմատ Արցախում զարգացման շոշափելի առաջընթաց են տեսնում։ Նրանք Ա. Հարությունյանին ներկայացրել են իրենց այցի մանրամասներն ու նպատակները, ինչպես նաև հետաքրքրվել Արցախի տնտեսության զարգացման առկա միտումներով, ապրիլյան պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքներով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացի ներկա իրավիճակով։ 

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին

* * *

Հոկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամներին։

Ողջունելով Կալիֆոռնիայի խորհրդարանականների այցն Արցախ՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի անկախության սատարմանն ուղղված՝ Կալիֆոռնիայի Վեհաժողովի և Սենատի համատեղ բանաձևի ընդունումը և համոզմունք հայտնել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը կարևոր ներդրում կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։

Մասիս Մայիլյանը նշել է, որ վերջին տարիներին լավ հիմք է ստեղծվել Արցախի և Կալիֆոռնիայի միջև տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման համար, և հասունացել է փոխգործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ժամանակը։ Այդ համատեքստում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին՝ Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է խաղաղ գործընթացի առաջմղման և նրա անշրջելիության ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։

 

ԱՀ ԱԳՆ տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

(Թեմայի շարունակությունը՝ 3-րդ էջում)