[ARM]     [RUS]     [ENG]

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2018թ. անդրանիկ նիստում

 Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացած Ստեփանակերտի քաղաքային համայնքի նոր տարվա անդրանիկ նիստի օրակարգում, ի թիվս մի շարք հարցերի, ներառված էին քաղաքային համայնքի 2018թ. բյուջեի մասին և 2017թ. բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծերը։

Ըստ քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանի, քաղաքային համայնքի 2018թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի 1779844,0 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 1809907,4 հազ. դրամ։ Դեֆիցիտը նախատեսվում է 30063,4 հազ. դրամի չափով։

Ինչպես նշված է Ստեփանակերտի քաղաքապետի 2018թ. բյուջետային ուղերձում, համայնքային զարգացման հիմնական ուղղությունները միտված են լինելու մայրաքաղաքի բնակչության կենսապայմանների բարելավմանն ու հարմարավետ միջավայրի ձևավորմանը, Ստեփանակերտի կառուցապատմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը։ 2018թ. առաջնահերթությունների թվում կլինեն ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման ծրագրերի արդյունավետ իրականացումը, խաղահրապարակների շինարարությունը, ինչպես նաև հենապատերի և աստիճանների վերանորոգումն ու կառուցումը, ենթակառուցվածքների բարելավումը և զարգացումը, քաղաքի տարածքի համաչափ զարգացման ապահովումը, բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների վերանորոգումը, սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը։

Հարկային եկամուտներն ու տուրքերը 2018թ. համար նախագծով ծրագրվել են 408050,0 հազ. դրամի չափով, կամ 2017թ. համար հաստատված ցուցանիշից 29143,0 հազ. դրամով ավել։ Գույքային հարկերը նախատեսվել են 311000,0 հազ. դրամի չափով։ Տեղական տուրքերը 2018թ. ծրագրվել են 68000,0 հազ. դրամի, իսկ համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերը՝ 16700,0 հազ. դրամի չափով։

Հիմք ընդունելով ԼՂՀ 2018թ. պետական բյուջեն, նախագծով ծրագրվել է 1323444,0 հազ. դրամի չափով պաշտոնական դրամաշնորհ։ Այլ եկամուտները կանխատեսվում են 48350,0 հազ. դրամի չափով։ Համայնքի սեփականություն համարվող հողերի և կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները պլանավորվել են 13750,0 հազ. դրամի, տեղական վճարները՝ 20000,0 հազ. դրամի, համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարները՝ 3800,0հազ. դրամի, վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումից գանձվող եկամուտները՝ 2700,0 հազ. դրամի, օրենքով և իրավական այլ եկամուտները՝ 2500,0 հազ. դրամի չափով։

Հատկանշական է, որ ծախսերի ամբողջ ծավալի 98,3 տոկոսը, կամ 1779744,0 հազ. դրամը, բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե)։ Շինարարության բնագավառում շենքերի և շինությունների կառուցման նպատակով ծախսերը կանխատեսվել են 190063,4 հազ. դրամի, շրջակա միջավայրի պահպանության ծախսերը՝ 847682,1 հազ. դրամի, որից ՙԱղբահանում՚ ծրագրի համար՝ 676560,5 հազ. դրամ, իսկ ՙԿենսաբազմազանության և բնության պահպանության՚ ծրագրի համար՝ 171121,6 հազ. դրամի չափով։ Կոմունալ ծառայությունների բնագավառում ծախսերը կկազմեն 370000,0 հազ. դրամ։ Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգմանն ու պահպանմանն է ուղղվելու 160000,0 հազ. դրամ, իսկ փողոցների լուսավորմանը՝ 210000,0 հազ. դրամ։

ՙՄշակութային ծառայություններ՚ ծրագրի ծախսերը նախատեսվել են 87294,4 հազ. դրամի, կրթության ծրագրով նախատեսված արտադպրոցական դաստիարակության ծախսերը՝ 269467,5 հազ. դրամի չափով։

Ավագանին հաստատեց քաղաքային համայնքի 2018թ. բյուջեն։

Նիստում լսվել է նաև Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2017թ. տարեկան բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։ Քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մ. Համբարձումյանի տեղեկացմամբ, քաղաքային համայնքի 2017թ. տարեկան բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 1714975,6 հազ. դրամ։ Ընդ որում, ընդհանուր մուտքերի 24,1 տոկոսը կազմել են սեփական եկամուտները։ Նախատեսված 426007,0հազ. դրամի դիմաց հավաքագրվել է 413775,6հազ. դրամ։ Նախորդ տարվա համեմատ սեփական եկամուտներն աճել են 17277,4 հազ. դրամով (չվճարված 32225,9 հազ. դրամի չափով տարբեր եկամտատեսակների վերաբերյալ նյութերը ներկայացված են դատարան)։ Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 101555,5 հազ. դրամ, հողի հարկից գանձվող մուտքերը՝ 10863,6 հազ. դրամ։ Փոխադրամիջոցներից մուտքագրվել է 162197,6 հազ. դրամի գույքահարկ։ Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 64405,4 հազ. դրամ, որը կազմում է նախատեսված 57000,0 հազ. դրամի  113 տոկոսը։ Պետական տուրքերի գծով պլանավորված 15800,0 հազ. դրամի դիմաց մուտքագրվել է 17180,4 հազ. դրամ։ Այլ հարկային եկամուտների գծով կատարողականը կազմել է 107,7 տոկոս։

Անդրադառնալով քաղաքային համայնքի 2017թ. բյուջեի կատարմանը, քաղաքապետ Ս. Գրիգորյանը նշեց, որ բոլոր հնարավորությունները պիտի օգտագործվեն փաստաթղթում ամրագրված ծրագրերն անվերապահորեն կատարելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետբյուջեից տրամադրվող գումարները 2018-ին նվազել են 40 տոկոսով, պիտի քայլեր ձեռնարկվեն սեփական եկամուտներն ավելացնելու համար, հավաքագրված գումարների հաշվին աշխատանքներ տարվեն կանաչապատման, սանմաքրման ու բարեկարգման ծավալներն ընդլայնելու ուղղությամբ։ ՙՀարկերի, մատուցվող ծառայությունների դիմաց վճարների հավաքագրումը պարտադիր պայման պիտի հանդիսանա, իսկ պարտավորություններից հրաժարվողների նկատմամբ տույժեր պիտի կիրառվեն, - իր խոսքում ընդգծեց Ս. Գրիգորյանը։- Բյուջեով նախատեսված եկամուտները պիտի ապահովվեն 100 տոկոսով։  Անթույլատրելի է, երբ կառուցապատման նպատակով տարիներ առաջ հատկացված հողատարածքներում վարձակալների կողմից շինարարական աշխատանքները շարունակ ձգձգվում և ավարտին չեն հասցվում, ու նրանք սահմանված վարձավճարներից խուսափում են։ Նման անբարեխիղճ վարձակալների նկատմամբ անզիջում պիտի լինել և պահանջել, որպեսզի անվերապահորեն կատարեն իրենց պարտավորությունները՚։

Քննարկումների արդյունքում ավագանին հաստատեց քաղաքային համայնքի 2017թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։

Նիստում որոշում կայացվեց նաև 2018թ. պարտականությունների կատարման դիմաց քաղաքային համայնքի ավագանու անդամների ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ։

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն