[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԵԼԲՈՒՌՆՈՒՄ

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին այցելել է Մելբուռն քաղաք, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 Ա. Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել ավստրալահայերի հետ, որը կազմակերպվել էր Համազգայինի տեղի կենտրոնում՝ ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի աջակցությամբ՝ ՙԱրցախ Րութս Ինվեսթմընթս՚ (ԱՐԻ) ընկերության կողմից իրականացվող ծրագրերում նոր բաժնետերերի ներգրավման անհրաժեշտությունն ընդգծելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին Մելբուռնի հայկական գրեթե բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ 

Ա. Հարությունյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ԱՐԻ-ն իր էությամբ բոլորովին նոր ձևաչափ է Հայրենիք-Սփյուռք գործարար կապերի ամրապնդման առումով, որը զարգացման մեծ ներուժ ունի։

ՙԱրցախն ունի տնտեսության զարգացման կայուն միջավայր, որտեղ անընդհատ նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտություն կա։ Այս առումով ԱՐԻ-ն համահայկական ներուժի օգտագործման համար լավ հարթակ է, որը ենթադրում է ոչ թե անհատույց նվիրատվություն, այլ՝ փոխշահավետ առաջարկ։ Արդյունքում, ունենում ենք ակտիվ զարգացող Հայրենիք, որտեղ իր բաժին շոշափելի ներդրումն է ունենում նաև ԱՐԻ-ի յուրաքանչյուր բաժնետեր՝ պահպանելով նաև բիզնես հետաքրքրությունը՚,- ասել է Ա. Հարությունյանը։

Հանդիպման ընթացքում պետնախարարն անդրադարձել է նաև Արցախում վերջին տարիներին արձանագրված սոցիալ-տնտեսական հաջողություններին, ապրիլյան պատերազմի հետևանքների հաղթահարմանը, պաշտպանունակության ոլորտում իրականացված նոր, լայնամասշտաբ ծրագրերին, ինչպես նաև պատասխանել է ներկաներին հուզող տարաբնույթ հարցերի։

Այցի ընթացքում Ա. Հարությունյանը հյուրընկալվել է նաև Համազգայինի ՙՄեսրոպ Մաշտոց՚ և Սուրբ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցուն կից գործող ՙԱկինյան՚ շաբաթօրյա դպրոցներում, որտեղ հանդիպել է աշակերտական և ուսուցչական անձնակազմերի հետ։ Պետական նախարարը բարձր է գնահատել Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանման գործում հայկական դպրոցների դերը և ընդգծել  նրանց բացառիկ առաքելությունը, քանի որ ազգային ինքնության պահպանումն ուղղակիորեն շաղկապված է լեզվամտածողության, ազգային դաստիարակության ու մշակույթի հետ։ Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև նրանց հետաքրքրող հարցերին։ 

Պետնախարարը նաև այցելել է Սուրբ Աստվածածին եկեղեցի, հանդիպել համայնքի հոգևոր պատասխանատուների հետ։ 

Ա. Հարությունյանը Մելբուռնում մասնակցել է նաև հայկական համայնքի կազմակերպած՝ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ 

Նշենք, որ Ա. Հարությունյանին Մելբուռնում ուղեկցում էին ԱՐԻ ընկերության տնօրենների խորհրդի մի խումբ անդամներ և Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը։

Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են։

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ 

կապերի բաժին