ԱՀ ԱԺ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած պատվիրակությունն ապրիլի 4-ին այցելել է Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն։ Դեսպան Վիգեն Չիթեչյանի հետ կարճատև առանձնազրույցից հետո խորհրդարանի նախագահը հանդիպել է ՙՍատար Ղարաբաղին՚ ֆրանսահայ միության անդամների հետ:

 Աշոտ Ղուլյանը հանդես է եկել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի և այս տարիներին Արցախում պետականաշինության գործընթացի վերաբերյալ բանախոսությամբ՝ ընդգծելով անվտանգության ապահովման, արտաքին քաղաքականության և տնտեսական զարգացման ուղղությամբ ունեցած ձեռքբերումներն ու անելիքները: ՙԱրցախի ազատագրական շարժումն օգնեց, որպեսզի հայերը վերագտնեն իրենց ինքնությունը, հիմա էլ պետք է օգնել Արցախին, որպեսզի չկորցնենք այդ ինքնությունը՚,-ամփոփել է Արցախի խորհրդարանի նախագահը:

Այնուհետև Աշոտ Ղուլյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերին՝ կապված Արցախի տնտեսական ներուժի, միջազգային ճանաչման, Ֆրանսիայում արցախյան օրերին նվիրված միջոցառումների, ապակենտրոնացված համագործակցության արդյունավետության և արտահանման ու ներմուծման հետ կապված խնդիրներին:

Հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահը, Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանին և պարգևատրել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի հուշամեդալով:

 

* * *

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ՙԱրցախ-Ֆրանսիա՚ բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանն ապրիլի 5-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների և Սենատի անդամների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Կարոլ Բյուրո-Բոնարին, Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանին, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին, ինչպես նաև ՙՖրանսիա-Արցախ՚ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ։

Աշոտ Ղուլյանը ողջույնի խոսքում նշել է, որ Ֆրանսիայի հետ կապերի ընդլայնումն ու զարգացումը հիմնավոր տեղ ունեն Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում, իսկ ֆրանսիացի խորհրդարանականների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումները թե` Ստեփանակերտում, թե` Փարիզում հնարավորություն են ոչ միայն երկուստեք հետաքրքրող հարցերի քննարկման, այլև օրենսդրական ու խորհրդարանական փորձի փոխանակման տեսանկյունից։ ՙԱյս առումով մենք կարևորում ու բարձր ենք գնահատում ՙՖրանսիա-Արցախ՚ բարեկամության շրջանակի գործունեությունը, որը մեզ համար յուրօրինակ պատուհան է դեպի Ֆրանսիա, իսկ Ֆրանսիայի միջոցով՝ նաև դեպի Եվրոպա՚,- ընդգծել է Արցախի խորհրդարանի նախագահը։

Ֆրանսիայի խորհրդարանականները հարցեր են ուղղել ԱԺ նախագահին՝ կապված տարածաշրջանի իրավիճակի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, ապակենտրոնացված համագործակցությունից սպասումների, ֆրանկոֆոնիայի զարգացման հնարավորությունների և այլ թեմաներով։

Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՙՀայրենիք՚ խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանորդ Լևոն Ամիրջանյանը։

Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա շարունակվում է։