Logo
Print this page

ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՙԲՈՒԼԼՈՒՔՅԱՆ՚ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 4-ին ընդունել է Արցախ ժամանած ՙԼեա և Նապոլեոն Բուլլուքյան՚ հիմնադրամի նախագահ Ժան-Պիեռ Կլավերանի գլխավորած պատվիրակությանը։

 Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է հիմնադրամի՝ Արցախի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը և հույս հայտնել, որ այցի ընթացքում հավաքագրված դիտարկումների արդյունքում մոտ ապագայում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կստեղծվեն։

Շնորհակալություն հայտնելով ընդունելությնան համար, հիմնադրամի նախագահ Ժան-Պիեռ Կլավերանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել 1993թ. Ֆրանսիայի Լիոն քաղաքում հիմնադրված ՙԼեա և Նապոլեոն Բուլլուքյան՚ հիմնադրամի նպատակները, որոնք հիմնականում ուղղված են առողջապահության՝ մասնավորապես քաղցկեղի հետազոտմանը, մշակույթի և երիտասարդ արվեստագետների աջակցությանը և համերաշխության հաստատմանը։

Աշոտ Ղուլյանը հյուրերին է ներկայացրել Արցախում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի հիմնական ուղղությունները, մասնավորապես անդրադառնալով՝ ՙԱրցախ-Ֆրանսիա՚ բարեկամության շրջանակի գործունեությանը, Ստեփանակերտի ՙՊոլ Էլյուար՚ ֆրանսախոսության կենտրոնի դերին, երկու երկրների քաղաքների միջև ձևավորվող ապակենտրոն համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Արցախի առողջապահության ոլորտի, մասնագետների վերապատրաստման և փոխգործակցության այլ ուղղությունների հեռանկարների վերաբերյալ։

 

Արցախի Հանրապետության 

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.