ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 11-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու բերքահավաքի և քաղաքաշինական որոշ ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր։ 

 Զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով, մասնավորապես, ներկայացրել է հանրապետությունում իրականացվող հնձի աշխատանքները՝ նշելով, որ արդեն 5500 հա-ի վրա կատարվել է բերքահավաք, միջին բերքատվությունը կազմել է 20ց։ Անձրևային եղանակների հետ կապված՝ վերջին օրերին այն որոշ չափով դանդաղել է։ Գյուղնախարարի խոսքով՝ հացահատիկահավաք կոմբայնների մասով, ընդհանուր առմամբ, խնդիրներ չկան, իսկ բերքի մթերումն իրականացվում է հիմնականում Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներում։ Անդրադառնալով վերջին շրջանում հանրապետությունում գրանցված կարկտահարության դեպքերին՝ Ժ. Միրզոյանը նշել է, որ նախնական հաշվարկներով գրեթե ամբողջությամբ տուժել է շուրջ 7500 հա ցանքատարածություն։ 

Պետնախարար Մարտիրոսյանը գյուղատնտեսական իրավիճակով հետաքրքրվել է նաև շրջվարչակազմերի ղեկավարներից, ովքեր առանձին-առանձին հանդես են եկել տեղերում կատարվող աշխատանքների մասին զեկույցներով։ 

Բավարար գնահատելով իրականացվող աշխատանքները՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ կարկտահարությունից տուժած ցանքատարածքների համար հողօգտագործողներին կտրվի պետական աջակցություն։ Այդ շրջանակում նրանք կազատվեն նաև հողի վարձավճարից և հարկերից։

Այնուհետև քննարկվել է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից ցորենի մթերման այս տարվա գնային քաղաքականությունը։ 

Խորհրդակցության օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր քաղաքաշինության ոլորտին։ Առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։ Նախարարի ներկայացմամբ՝ պլանավորված 4 մլրդ 936 մլն դրամի ծրագիրը գերակատարվել է. արդեն իրականացվել է 5 մլրդ 500 մլն դրամի աշխատանք, որի գերակշիռ մասը ֆինանսավորվել է։

Պետնախարարը կարևորել է իրականացված աշխատանքի ծավալը՝ ընդգծելով, որ կառավարությունը ժամանակին կատարելու է ստանձնած պարտավորությունները։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով վերջին շրջանում արձանագրված կարկտահարության և սելավների հանգամանքը՝ որոշում է ընդունվել 25-30 տոկոսով ավելացնել շրջվարչակազմերի ենթակայության տակ գտնվող շինարարական կազմակերպությունների ֆինանսական ռեսուրսները, որպեսզի օպերատիվ կերպով լուծվեն տեղերում առաջացած խնդիրները։ 

Գ. Մարտիրոսյանը հանձնարարել է խորհրդակցությանը ներկա ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանին քննարկված բոլոր ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր։

Տեղեկացնենք, որ այսուհետ Գրիգորի Մարտիրոսյանի գործունեությանը կարող եք հետևել նաև նորաբաց ֆեյսբուքյան էջի միջոցով։