ՆՈՐ ԹԱՓ` ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի առաջին այցն Իշխանաձոր և Արաքսավան համայնքներ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ աշխատանքային առաջին այցը կատարել է Քաշաթաղի շրջանի հարավային թև, ապա` Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր։
Այցի սկզբում Գ. Մարտիրոսյանը եղել է Բերձորում կառուցվող շրջանային բազմաֆունկցիոնալ հիվանդանոցի շինհարթակում, ծանոթացել կատարվող աշխատանքներին։ Կարևորելով շրջկենտրոնի և շրջակա համայնքների բնակչության առողջապահական հարցերի լուծման համար հիվանդանոցի նոր շենքի կառուցումը` պետնախարարը քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում ավարտել շինաշխատանքները:
Այնուհետև Գ. Մարտիրոսյանն այցելել է շրջանի հարավային թևի` վերջերս տեղացած կարկուտից ամբողջովին վնասված հացահատիկային դաշտեր և ՙՔաշաթաղ՚ բարեգործական հիմնադրամի միջոցներով Իշխանաձոր համայնքում մշակվող տնտեսություն, որտեղ շուրջ 40 հեկտարի վրա աճեցվում են բանջարաբոստանային մշակաբույսեր։ Անդրադառնալով մոտ 70 աշխատատեղ ապահովող այս տնտեսության գործունեությանը` պետնախարարը հորդորել է նոր թափով շարունակել աշխատանքները:
Իշխանաձորում Գ. Մարտիրոսյանն այցելել է ՙՔաշաթաղ՚ բարեգործական հիմնադրամի և կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվող նոր թաղամաս, որտեղ ավարտին է մոտենում վերաբնակիչների համար նախատեսված 50 առանձնատների շինարարությունը։ Պետնախարարը ծանոթացել է նոր բնակարանների պայմաններին և շեշտել, որ ծրագիրը շարունակական է լինելու։ Նրա խոսքերով` հայրենադարձությունը գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և առկա հնարավորությունների սահմաններում տարեցտարի դրան նոր թափ է հաղորդվելու։
Պետնախարարը նաև ծանոթացել է համայնքում կառուցվող թռչնաբուծական ֆերմայի աշխատանքներին, հետաքրքրվել ծրագրի մեկնարկով և ստեղծվելիք նոր աշխատատեղերով:
Այցի շրջանակում Գ. Մարտիրոսյանը եղել է Իշխանաձորի միջնակարգ դպրոցում, հանդիպել ավարտական քննության մասնակից աշակերտներին և հորդորել ապագա մասնագիտությունների ընտրության հարցում գիտակցված որոշում կայացնել:
Իշխանաձորում պետնախարարը շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Անդրադառնալով կարկտահարության հետևանքով տուժած հողօգտագործողների խնդրին` Գ. Մարտիրոսյանը նշել է, որ առաջիկայում կանցկացվեն քննարկումներ, որոնց ընթացքում հաշվի կառնվեն նաև հողօգտագործողների կարծիքները, և որոշում կկայացվի պետական աջակցության ձևի ու չափի մասին։ Նա հավաստիացրել է, որ բնակարանների վերանորոգման համար պետական աջակցությամբ հատկացվող շինանյութերի ծրագիրն առաջիկայում ավելի կկանոնակարգվի, կմեծացվեն տրամադրվող շինանյութի ծավալները:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել շրջանի համայնքներում իրականացվող գյուղատնտեսական և քաղաքաշինական այլ հարցերի:
Օրվա երկրորդ կեսին պետնախարարն ուղևորվել է Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր։ Գ. Մարտիրոսյանը տեղում ծանոթացել է վերաբնակիչների համար ժամանակակից կահավորմամբ նոր տնակների տեղադրման ընթացքին, համայնքում իրականացվող ծրագրերին և խոստացել, որ բնակավայրի նկատմամբ պետական ուշադրության պակաս չի լինելու։
Հադրութի շրջանում Գ. Մարտիրոսյանն այցելել է նաև հացահատիկային մշակաբույսերի ընդունման համար կառուցվող պահեստ:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին