[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 10-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։

 Խորհրդարանի ղեկավարն առաջարկել է վերսկսել շրջանառության մեջ գտնվող նախագծերի շուրջ աշխատանքները և նախապատրաստվել նոր՝ 8-րդ նստաշրջանի առաջին նիստին՝ ծրագրելով առաջիկա հանձնաժողովային քննարկումները։ Խորհրդարանականները պայմանավորվել են որոշ նախագծերի մասով նախնական քննարկումներ անցկացնել ոլորտային պատասխանատուների հետ։

Այնուհետև ԱԺ նախագահն անդրադարձել է խորհրդարանում առաջիկայում նախատեսվող հանդիպումներին և պատգամավորների մասնակցությամբ այլ միջոցառումների ժամկետացանկին։

Համապատասխան հանձնարարականներ են տրվել պատասխանատուներին՝ ընթացքավորելու նախանշված աշխատանքները։

 

Արցախի Հանրապետության 

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին