[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆ

 

 

 

Սեպտեմբերի 8-ին պետական նախարարը Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի և քաղաքացիական պաշտպանության շրջանային պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է Շուշի քաղաքի Գարեգին Նժդեհի 22, 23 և Հախումյան 22 հասցեներում կահավորված ապաստարաններին, ինչպես նաև վարչակազմի շենքում գտնվող քաղպաշտպանության շտաբին։

Տեղում ծանոթանալով ստեղծված պայմաններին, ջրարգելման և օդափոխության համակարգերին՝ Գ. Մարտիրոսյանը հանձնարարել է աշխատանքներն ավարտին հասցնել ըստ սահմանված ստանդարտների։ Շրջայցի ավարտին Վ. Կասյանը հաղորդել է, որ ամբողջ քաղաքում առկա են մի քանի տասնյակ նման ապաստարաններ։ 

Հաջորդիվ պետական նախարարը վարչակազմում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել՝ մասնակցությամբ Վ. Կասյանի, վարչակազմի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և Շուշիի շրջանի վեց գյուղական համայնքների ղեկավարների։ Վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսական համատարած հաշվառման բաժնի վարիչ Գրիշա Հովհաննիսյանը հանգամանալից ներկայացրել է շրջանի գյուղատնտեսական կացությունը, առկա ներուժը, ունեցած պակասություններն ու դժվարությունները։ Արձագանքելով վերջինիս այն դիտարկմանը, որ սակավահողության պատճառով շրջանը քիչ հնարավորություններ ունի օգտվելու հողօգտագործման հետ կապված գյուղատնտեսական ճյուղերի պետական խթանման ծրագրերից՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ վերսկսման փուլում է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից տրվող անասնավարկերի ծրագիրը։ Պետնախարարը հորդորել է ոլորտի պատասխանատուներին ծանոթանալ Հիմնադրամի առաջարկած պայմաններին, ապա ներկայացնել քաղաքացիներին՝ վերջիններիս հորդորելով ցուցաբերել հաշվարկված նախաձեռնողականություն։ Խորհրդակցության մասնակիցներն ափսոսանքով են արձանագրել շրջանում ոչխարաբուծության ներկայիս և խորհրդային շրջանների ցուցանիշների շեշտակի տարբերությունը։ Այս մասով ևս պետնախարարը հույս և վստահություն է հայտնել, որ բնակիչների, ներդրողների տնտեսական ակտիվության, ինչպես նաև մատչելի վարկավորման ծրագրի միջոցով հնարավոր կլինի օգտագործել տարածքի ներուժը։ 

Ըստ ոլորտների զեկուցումներ են ունեցել աշխատակազմի կրթության և սպորտի, մշակույթի, քաղաքաշինության և ճարտարապետության պատասխանատուները, ներկայացրել կատարված, կատարվելիք աշխատանքները և առկա խնդիրները։ Պետնախարարը հետաքրքրվել է սոցիալական արտոնյալ խմբերի բնակարանային ապահովման հարցերով, ընթացող շինարարական և կոնսերվացման աշխատանքներով։ Վարչակազմի ղեկավարի առաջարկով Գ. Մարտիրոսյանը նախնական համաձայնություն է տվել բյուջետային հաջորդ տարվա ծախսերի մեջ ներառելու Շուշի քաղաքում գտնվող պատմական Ռեալական ուսումնարանի շենքի (1908 թ.) և բանաստեղծուհի Խուրշիդբանու Նաթավանի դղյակի (19-րդ դար) մնացորդների կոնսերվացման համար։ 

Զրուցակիցները քննարկել են նաև Շուշի քաղաքի խմելու ջրի ֆիլտրման, քաղաքի կանաչապատ տարածքների բարեկարգման և հարակից այլ հարցեր։ 

Խորհրդակցության վերջին հատվածում զեկուցումներ են ունեցել շրջանի Եղցահող, Մեծ Շեն, Քարին տակ, Հին Շեն, Քիրսավան, Լիսագոր համայնքների ղեկավարները։ Գ. Մարտիրոսյանը հետաքրքրվել է գյուղերում դպրոցների, համայնքային կենտրոնների, մշակույթի տների, գյուղամիջյան և դաշտամիջյան ճանապարհների, ջրամատակարարման, ջեռուցման վիճակով։ Համփոփումն ներկայացված զեկուցումների՝ պետնախարարը հանձնարարել է վարչակազմի և բնակավայրերի ուժերով շարունակել սալապատման աշխատանքները, ջրի խնդիր ունեցող համայնքներում տարեկան 1-2 բնակավայր սկզբունքով, հնարավորության սահմաններում, լուծել առկա խնդիրները։ Գ. Մարտիրոսյանն արձանագրել է, որ գյուղական բոլոր բնակավայրերում, ըստ ներկայացվածի, առկա է վառելափայտի մթերման հետ կապված լեռնաանտառային ճանապարհների կահավորման խնդիր, որը կառավարությունում նկատի կառնվի։ 

Շուշիում պետական նախարարն այցելել է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարան և ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարան։ Համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը և ուսումնարանի տնօրեն Վասպուրակ Կարապետյանը ներկայացրել են իրենց կրթօջախներում ստեղծված հետազոտական, ուսումնական, լաբորատոր և ռեկրեացիոն պայմանները և առաջիկա ծրագրերը։ Գ. Մարտիրոսյանը կարևորել է բնագիտական, տեխնիկական և արտադրական մասնագիտությունների որակյալ կադրերի պատրաստումը, կրթօջախ-աշխատաշուկա, կրթօջախ-աշխատաշուկա-կրթօջախ արդյունավետ կապի պահպանումը։ 

Շուշիից պետական նախարարն ուղևորվել է Քարին տակ, տեղում ծանոթացել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի աջակցությամբ տեղադրված արևային ջրատաքացուցիչների և ֆոտովոլտայիկ կայանների աշխատանքին, համայնքի բուժկետում և մանկապարտեզում ստեղծված պայմաններին։ 

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին