[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒԺԵՂ ՔԱՄՈՒ ԵՎ ԿԱՐԿՈՒՏԻ ՎՆԱՍՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՎԵՐԱՑՎՈՒՄ ԵՆ

Շուրջ երեք ամիս առաջ` հունիսի 17-ին գրանցված ուժեղ քամին և կարկուտը մեծ վնասներ են պատճառել Ստեփանակերտում։

Բնական աղետից անմիջապես հետո հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը պատկան մարմինների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ղեկավարությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի խնդիրն էր գույքագրել բնական աղետի հասցրած վնասներն ու կազմակերպել վերականգնողական աշխատանքները։ Աղետի վնասներն անմիջապես ուսումնասիրել են Քաղաքաշինության նախարարության մասնագետները։ 

Նախարար Կարեն Շահրամանյանը, ով ևս օպերատիվ շտաբի անդամ է, ասում է, որ վնասներն առանձնապես շատ էին տանիքների մասով. ՙՀիմնականում վնասվել են բազմաբնակարան շենքերի, բնակելի առանձնատների տանիքներ, ենթակառուցվածքներ՝ էլեկտրահաղորդման գծեր և ճանապարհներ։ Օպերատիվ շտաբին հանձնարարվել է կարճ ժամանակում վերացնել աղետի հետևանքները։ Երկօրյա ժամկետում ապահովվել է ճանապարհների անցանելիությունը՝ կատարվել են խճապատ և կոպճապատ ծածկույթով փողոցների և ճանապարհների բարեկարգման աշխատանքներ։ Դրանից հետո իրականացվել են ասֆալտբետոնե ծածկով փոսային վերանորոգման աշխատանքներ։ Եվ ներկայում կարող ենք փաստել, որ մայրաքաղաքում չկան անանցանելի ճանապարհներ։ Ինչ վերաբերում է սելավներից հետո ճանապարհների ու փողոցների բարեկարգման անհրաժեշտությանը, դրանք մեր և Ստեփանակերտի քաղաքապետարանի միջոցներով իրագործվում են որպես ընթացիկ աշխատանքներ՚,- ասում է Կ. Շահրամանյանը։

Ստեղծված իրավիճակում կառավարությունը Ստեփանակերտի քաղաքապետարանին հատկացրել է հավելյալ ֆինանսական միջոցներ։ Ըստ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի՝ այդ օրվանից քաղաքային իշխանությունների գերակա խնդիրը վերականգնողական աշխատանքների ուղղությամբ է: ՙԿառավարությունը մեզ լրացուցիչ հատկացրել է 30 միլիոն դրամ, 30 միլիոն դրամ մենք ունեինք մեր բյուջեում ու ևս 20 միլիոն դրամ քաղաքապետարանը հատկացրել է առաջնահերթ աշխատանքներին՝ վերանայելով ընթացիկ ծրագրերը՚,-հավելել է Ս. Գրիգորյանը։

Ուժգին քամու և կարկուտի պատճառած վնասների վերացումն առ այսօր շարունակվում է։ Մոբիլիզացնելով հանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների ներուժը՝ Քաղաքաշինության նախարարության պատվերով հիմնովին վերակառուցվել է 17 բազմահարկ շենքերի՝ ամբողջությամբ և երկու շենքի՝ մասնակի վնասված տանիք։ Քաղաքաշինության նախարարը նկատում է, որ այսօր շինարարական կազմակերպությունների հնարավորությունները ներում են դիմակայելու նմանատիպ մարտահրավերների։ Պատկերն ամբողջությամբ այլ էր տասը տարի առաջ՝ 2008 թվականին գրանցված ուժգին քամու ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունից հրավիրվել են աջակցող խմբեր։ Նրա համոզմամբ՝ անցած տասը տարիներին Արցախում գործող շինարարական կազմակերպությունները զինվել են համապատասխան միջոցներով: ՙԱյդ կազմակերպություններին ապահովել ենք անհրաժեշտ միջոցներով, ինչի շնորհիվ թարմացրել են առկա տեխնիկական պարկը՝ ձեռք բերելով նոր մեխանիզմներ։ Սա հնարավորություն է տալիս ֆորսմաժորային իրավիճակներում շատ արագ արձագանքել և իրականացնել վերականգնողական աշխատանքներ՚,-ասում է Կ. Շահրամանյանը:

Հունիսի 17-ի բնական աղետը Ստեփանակերտում վնասել է միայն հարյուրից ավելի բազմահարկ շենքերի տանիքներ։ Վերականգնողական աշխատանքները քաղաքային իշխանություններն իրականացնում են` օգտագործելով ՙՍտեփանակերտի բնակարանային շահագործում՚ փակ բաժնետիրական ընկերության հնարավորությունները։ Մեր զրույցի ժամանակ ընկերության տնօրեն Արմեն Ավագյանը նշել է, որ արդեն վերանորոգել են 97 բազմահարկ շենքերի տանիքներ, և ոչ միայն. ՙՄինչև այսօր մասնակի վերանորոգել ենք 97 բազմաբնակարան շենքի տանիք, 11 բնակարանի պատշգամբ, 7 բնակարանի պատուհան էլ ապակեպատվել է։ Այսօր ընթացքի մեջ են աշխատանքները։ Եղանակային բարենպաստ պայմաններն օգտագործելով՝ նախատեսում ենք առաջիկայում ավարտին հասցնել դրանք՚:

Անհատական տների բնակիչների կրած վնասները Ստեփանակերտի քաղաքապետարանը փոխհատուցում է շինանյութի տրամադրման ձևով։ Քաղաքապետ Ս. Գրիգորյանի խոսքով՝ դրանց թիվն այնքան մեծ է, որ ֆիզիկապես հնարավոր չէ բոլոր առանձնատներում շինարարություն իրականացնել. ՙ140 բնակիչ ստացել է շինանյութի տեսքով աջակցություն՝ լինի դա թիթեղ, թե ասբոթիթեղ։ 45 հոգու ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել, քանի որ հորդառատ անձրևների հետևանքով այդ քաղաքացիների գույքը բնակարաններում վնասվել է՚։

 Շինանյութի տրամադրման գործընթացը Ստեփանակերտի քաղաքապետարանը շարունակում է, և քաղաքային իշխանություններն արդեն հազարից ավելի դիմում են ստացել։ Շինանյութը բնակիչներին տրամադրվում է ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրություններից հետո միայն։ Սա շտկում է իրավիճակը, բայց չի ապահովագրում։ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ այսօր մայրաքաղաքի բազմահարկ շենքերի գրեթե կեսի տանիքները հնամաշ են, և նման կարգի բնական աղետներն ուղղակի կարող են կրկնել իրավիճակը: ՙԸնդհանրապես Ստեփանակերտ քաղաքում առկա է 307 բազմաբնակարան շենք, որից 153-ի տանիք ենթակա է հիմնանորոգման։ Այս ցուցակները մենք ճշգրտում ենք։ Պետական նախարարի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Քաղաքաշինության նախարարության հետ։ Այս ցուցակները հստակեցնելուց հետո առաջիկա տարիներին լայն թափով իրականացնելու ենք բազմահարկ շենքերի տանիքների վերանորոգում՚,-իրազեկել է քաղաքապետը:

Քաղաքաշինության նախարարությունում առայժմ սպասում են Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից ճշտված ցուցակներին։ Նախարար Շահրամանյանն ասում է՝ աշխատանքները կկատարվեն նախարարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում։

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ