[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՆԱՏՈՐ ԷՆԹՈՆԻ ՊՈՐՏԱՆՏԻՆՈՅԻՆ

Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է  ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին, Գլենդելի քաղաքապետ  Զարեհ Մինասյանին և Գլենդել քաղաքի քարտուղար–գործակատար Արտաշես Քասախյանին:

 Ողջունելով հյուրերին խորհրդարանի ղեկավարը կարևորել է Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանական և քաղաքային իշխանությունների հետ կապերի շարունակականությունը և բարձր գնահատել 2014 թվականին Կալիֆոռնիայի խորհրդարանի և սենատի  համատեղ որոշումը ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

ՙՀամոզված եմ, որ այդ հռչակագիրն ամրապնդելու լավագույն միջոցը նմանատիպ փոխադարձ այցելություններն ու իրար հետ համագործակցելու նոր ուղիների որոնումն է՚,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Սենատոր Էնթոնի Պորտանտինոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել Հայաստանում և Արցախում համագործակցության իրենց նախանշած ուղղությունները: Սենատորի խոսքով? Հայաստանում աշխատանքներն ավելի շատ կենտրոնացած կլինեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, իսկ Արցախում գյուղատնտեսության ճյուղի  զարգացման ուղղությամբ: Էնթոնի Պորտանտինոն նաև խոսել է մարդու իրավունքների ասպարեզում և ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ սենատում իր ծավալած գործունեության մասին:

Կողմերը քննարկել են արտաքին քաղաքական իրավիճակին  և միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող թեմաներ:   

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

 

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին