ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԻ ՄՈՏ

Սեպտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պատվիրակությանը, որի կազմում էին Կալիֆոռնիայի Սենատի անդամ Էնթընի Պորտանտինոն և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը։

 Ողջունելով պատվիրակության այցն Արցախ՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի անկախության սատարմանն ուղղված Կալիֆոռնիայի Վեհաժողովի և Սենատի համատեղ բանաձևի ընդունման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ այն ամուր հիմքեր է ապահովել Արցախի և Կալիֆոռնիայի միջև տարբեր բնագավառներում արդյունավետ համագործակցություն հաստատելու համար։ 

Հանդիպմանը քննարկվել են ընթացիկ նախագծերը և Արցախի ու Կալիֆոռնիայի միջև տնտեսության, մշակույթի, կրթության և առողջապահության ոլորտներում գործնական ծրագրերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչների փոխայցելությունների կազմակերպման հնարավորություններին՝ փորձի փոխանակման և Արցախում մասնագետների որակավորման աստիճանի բարձրացման նպատակով։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Կալիֆոռնիայում Արցախի ճանաչելիության և ներկայացվածության խթանմանն ուղղված անելիքների շուրջ։ 

 

* * *

Սեպտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Լայպցիգի համալսարանի Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի փոխտնօրեն Շտեֆան Թրյոբսթի գլխավորած պատվիրակությանը:

 

Ողջունելով հյուրերին? արտաքին գործերի նախարարը նշել է, որ նման այցերը լավ առիթ են Արցախի մասին ճշգրիտ և ամբողջական պատկերացում կազմելու համար,  և հույս հայտնել, որ տվյալ այցը հնարավորություն կընձեռի քննարկելու գիտական ոլորտում համագործակցության հեռանկարները:

Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել տարբեր բնագավառներում? ներառյալ գիտական-կրթական ոլորտում արտաքին կապերի և համագործակցության հաստատման ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից իրականացվող քայլերին? կարևորելով միջազգային գործընթացներին Արցախի  համակողմանի ներգրավումը:

Հյուրերի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, անդրադարձել հանրապետության միջազգային ճանաչման և տարբեր երկրների սուբյեկտների հետ ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին:

Խոսելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին? Մասիս Մայիլյանը նշել է, որ բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է վերականգնել եռակողմ բանակցային ձևաչափը? Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների լիիրավ մասնակցությամբ: Նախարարը նշել է, որ Արցախի իշխանությունները պատրաստ են դե յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության պահպանման համար պատասխանատվության իրենց բաժինը: Միևնույն ժամանակ, ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրացման փաստի վրա:

ԱԳՆ ղեկավարը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին:

 

ԱՀ ԱԳՆ տեղեկատվության 

և հասարակայնության  հետ կապերի  վարչություն