[ARM]     [RUS]     [ENG]

CONIFA-Ն ՖՈՒՏԲՈԼԻ 2019թ. ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԱՐՑԱԽՈՒՄ. ՊԵՏՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

Չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնությունը (ConiFA) 2019թ. հունիսի 4-15-ին կայանալիք եվրոպայի առաջնությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում։ 

 Առաջնության պատշաճ կազմակերպման համար Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 10-ին անցկացվել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են պետական տարբեր գերատեսչությունների և ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները։ 

Իր խոսքում պետնախարարը ողջունել է ConiFA-ի որոշումը և նշել, որ անհրաժեշտ է ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի մրցաշարն անցկացվի բարձր մակարդակով։ Այդ կապակցությամբ նախ ներկայացվել են առաջնության պահանջներն ու խնդիրները, որից հետո խորհրդակցության մասնակիցները հայտնել են իրենց կարծիքներն ու առաջարկները։ Մասնավորապես նշվել է, որ սահմանված ժամկետներում պետք է մայրաքաղաքի և շրջանների ֆուտբոլի այն մարզադաշտերը, որտեղ նախատեսված է խաղերի անցկացումը, համապատասխանեցվեն պահանջվող չափանիշներին։ Քննարկվել են անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, առաջնության լայն լուսաբանման, մշակութային ծրագրերի կազմակերպման և կազմակերպական բնույթի այլ հարցեր։

ՙԱնհրաժեշտ է հստակեցնել առաջնությանը մասնակից բոլոր հավաքականների ու երկրպագուների ընդունմանը, նրանց համար հաճելի միջավայրի ստեղծմանը վերաբերող բոլոր հարցերը։ Այդ խոշոր միջոցառումը պետք է վերածենք ֆուտբոլային իսկական տոնի, որպեսզի հայ հանդիսատեսն այն լիարժեք վայելի՚, - ասել է Գ. Մարտիրոսյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև առաջնության կազմակերպմանը վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր։

 

ԱՀ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին