Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՅ ԵՐԳՆ ՕՏԱՐ ԱՓԵՐՈՒՄ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՀԱՑԻ ՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Օրերս  Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ ժողովրդական երգիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Լոս Անջելեսի ՙՏարոն՚ և ՙԿանթեղ՚ համույթների գեղարվեստական ղեկավար Գևորգ Չաքմանյանի  մենահամերգը։

Այն նվիրվում է Արցախյան պատերազմում զոհված հերոս  քաջորդիներին և նրանց ընտանիքներին։

ՙՀաղթանակ՚ խորագիրը կրող համերգին ներկա էին զոհված ազատամարտիկների հարազատներ, ժամկետային զինծառայողներ, մշակույթի բնագավառի պատասխանատուներ, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ։

Տասնյակի հասնող աշուղական, ժողովրդական, ազգագրական երգերի յուրատիպ կատարմամբ Գ. Չաքմանյանը հայ երգի տոն պարգևեց հանդիսատեսին, որն էլ իր հերթին երգչին ընդունեց ջերմությամբ ու խանդավառությամբ։ Հանդիսատեսի համակրանքին ու ջերմ ծափողջյուններին արժանացան նաև Գ. Չաքմանյանի հետ Արցախ ժամանած Լոս Անջելեսի ՙՏարոն՚ և ՙԿանթեղ՚ համույթների երգիչներ Էդիկ Օհանջանյանն ու Սարգիս Թամազյանը։

Համերգի ավարտին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ողջունելով սիրված երգչին, նշեց, որ, ի դեմս Գ. Չաքմանյանի, ունեցանք հայ աշուղական  ու ժողովրդական երգի փոքրիկ փառատոն։ Ըստ Լ. Հովհաննիսյանի` ժողովուրդն ապրում և իր ինքնությունը պահպանում է նաև ժողովրդական երգով: Գ. Չաքմանյանը հեռավոր Ամերիկայում, որտեղ առկա է ուծացման վտանգը, կարողանում է երկու երգչախումբ պահել, հնչեցնել ու ապրեցնել հայ երգը և ամենակարևորը՝ փոխանցել սերունդներին։ Վկան` փոքրիկ Սարգիս Թամազյանը, ով ակապելլա երգեց: 

Մեր թղթակցի ճեպազրույցը ժողովրդական երգիչ Գևորգ ՉԱՔՄԱՆՅԱՆԻ հետ։

-Սա Ձեր առաջին բեմելն էր Արցախում...Ձեր համերգը նվիրվում է զոհված քաջորդիների հիշատակին։ Դա հոգու պա՞րտք է, հիշատակի տո՞ւրք, թե՞...

-Նախ` հոգու պարտք է: Ես և իմ ընտանիքը, հատկապես մայրս, մեծ դառնություն ենք ապրել։ 1993 թվականին ծառայության ժամանակ զոհվեց իմ 19-ամյա  եղբայրը: 

Ավանդական են դարձել իմ այցելությունները սահմանամերձ շրջաններ: Ես գտնում եմ, որ նման այցերն անհրաժեշտ են։ Սահմանամերձ գյուղերը մեր երկրի դարպասն են, ահել-ջահել, մեծ ու փոքր պահպանում են մեր սահմանը։ Եվ իմ պարտքն է նրանց առօրյան փոքր-ինչ թեթևացնել հայկական գուսանական ու ժողովրդական երգերով։ Հոկտեմբերի 14-ին Երևանի Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ իմ մենահամերգը, 1500-տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր, ներկա էին նահատակ հերոսների հարազատներ: Ես այն անվանեցի ՙհաղթանակի երեկո՚։ Դահլիճում շատերը շուրջպար բռնեցին և վերստին համախմբվեցին հայոց ոգեղեն երգով, ցավը սրտներում անթեղած, նրանք միասնության շուրջպարի մեջ մտան։ Ամբողջ դահլիճն ինձ հետ երգում էր, և ես  հասկացա, որ  հայ երգը  հավիտենական է։ Պարտքս համարեցի այս անգամ Արցախում էլ երգել և հասա  նպատակիս։ 

-Դուք երգում եք հանդիսատեսի քիմքին հարի՞ր, թե՞ տարածում ու հանրահռչակում եք հայ երգը։

-Երկու հարցադրման հետ էլ համաձայն եմ, պիտի հանդիսատեսին էլ հաճելի լինի, բայց հայկական ժողովրդական երգը տարածելն իմ գերնպատակն է։ Օտար ափերում հայ երգը, հայկական խոսքը հանապազօրյա հացի պես կարևոր են։ Իմ երգչախմբում երեխաներ կան, որոնք ծնվել են Ամերիկայում և հայերենին չեն տիրապետում, բայց նրանց թոթովախոս հայերենով բեմ հանեցի, և այժմ նրանք Սայաթ-Նովա են երգում։ Լոս Անջելեսում կա մի Հայաստան (չէի ասի` փոքր), որ դրա կարիքն ունի։

-Դուք կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ  մենք արժեքների երկրից վերածվում ենք շահերի երկրի։

-Լավ հարց եք տալիս...Ես ինքս անձամբ երբեք շահի հետևից չեմ գնացել, ես հանրահռչակում եմ մեր ազգային ոգեղեն արժեքները։ Կարծում եմ` միայնակ չեմ, և մենք եղել ենք ու շարունակելու ենք մնալ որպես բարձր արժեքներ դավանող ու ստեղծող ազգի ներկայացուցիչներ։ Երկուշաբթի օրը ես սահմանամերձ Մովսես գյուղում համերգ եմ տալու։ Այդ մարդիկ, արհամարհելով բոլոր վտանգները, շենացնում են իրենց մի պատառ երկիրը. ինչպե՞ս նրանց կողքին չլինես, ինչպե՞ս զինվորի համար չերգես ու ասես` ես ձեր ցավը տանեմ։ Ես ունեմ երկու ուսուցիչ, դրանք ինձ համար հայ երգի թագավորն ու թագուհին են՝ Ռուբեն Մաթևոսյան ու Օֆելյա Համբարձումյան։ Նրանք միշտ իմ կողքին են եղել, և նրանցից շատ բան եմ սովորել: Երևանի ջազային պետական քոլեջում Ռուբեն Մաթևոսյանի դասարանն եմ ավարտել, իսկ Օֆելյա Համբարձումյանին աշակերտել եմ իրենց տանը։

-Այսօր ի՞նչ դերակատարություն ենք վերապահում երգարվեստին ազգապահպանության գործում:

-Դրսում մենահամերգների էի, մի երկրում լեփ-լեցուն դահլիճում ողջունեցի երեխաներին, և նրանք  իմ բարևին պատասխանեցին ՙOla՚` ես սարսռեցի, ուսուցիչների հետ խոսեցի, նրանք ասում էին` ի՞նչ կարող ենք անել, տներում իսպաներեն են խոսում, մեկ-երկու ժամում  հայերենին չես տիրապետի։  15 տարի է անցել այդ հանդիպումից, չեմ կարողանում մոռանալ։ Բայց Լոս Անջելեսն ուրիշ է, հարյուրհոգանոց պարախմբեր պարում են ժողովրդական  պարեր, և մեկ պարախումբ չէ, տասնյակ պարախմբեր կան, ՙՔոչարի՚ են պարում, ժողովրդական  երգեր են երգում։ Այ նրանք էլ այդ երգերի ու պարերի ոգին իրենց սերունդներին կփոխանցեն, վստահ եմ, դիմագիծը, հայկականությունը պահելը շատ կարևոր է և սա օրավուր խնդիր պիտի լինի բոլորիս համար։

-Ով մեկ անգամ Արցախ է գալիս, անվերջ ուզում է վերադառնալ...

-Ես էլ արդեն նրանց շարքում եմ: Մտադրվել եմ գալիք տարում գալ տարեցների աշուղական երգչախմբով ու գեղեցիկ պահեր պարգևել իմ հանդիսատեսին, որին հասցրի սիրել առաջին իսկ հանդիպումից։          

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ