Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԳՅՈՒՂԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Շրջկենտրոնից 27կմ ճանապարհ կտրելով` հասանք Նորշեն, այն մեր առջև բացվեց բավականին բարեկարգ տեսքով: Վերջին տարիներին համայնքի առջև ծառացած խնդիրների զգալի մասը լուծվել է` շնորհիվ համագյուղացի բարերարների: Նրանց ներդրումների արդյունքում համայնքն այսօր բարգավաճում է: 

 Կայուն պետության ապահովման երաշխիքը գյուղերի ու գյուղատնտեսության զարգացման մեջ է, ասում է Նորշենի համայնքի ղեկավար Բորիս Ասրյանը` հաջողություններին զուգահեռ ներկայացնելով  խնդիրները:

2018թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ` Նորշենում բնակվում է 350 մարդ` 80 տնտեսությամբ: Գերակշռողը երիտասարդներն են, ովքեր աշխատում են հիմնարկ-ձեռնարկություններում, մի մասն էլ ծառայում  է Պաշտպանության բանակում:

Վերջին հինգ տարվա մեջ բավականին բարելավվել է գյուղի արտաքին տեսքը. կենտրոնական մասում իրենց ողջ հմայքով վեր են խոյանում համայնքային կենտրոնը, դպրոցը և Սուրբ Հովհաննես եկեղեցին: 

Համայնքային կենտրոնը կառուցվել է 2013 թվականին` ԱՀ կառավարության և բարերարների միջոցներով, որտեղ տեղակայված են գյուղապետարանը, բուժկետը, ակումբը, գրադարանը,  ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի  ենթամասնաճյուղը: 

Ակումբի շենքում 2017թ.-ից գործում է նաև ազգային պարերի խմբակ` 30 հոգու ընդգրկմամբ: 

Ակումբում գործում է նորաստեղծ փոքրիկ պատմաերկրագիտական թանգարան, որի ցուցանմուշները տրամադրել են համագյուղացիները: 

Նորշենի Լեոնիդ Հուրունցի անվան միջնակարգ դպրոցում, որը կառուցվել է 2015թ. դեկտեմբերին և նախատեսված է 100 երեխայի համար,  սովորում է 55 աշակերտ, աշխատում 22 ուսուցիչ: Համագյուղացի բարերար Կոմիտաս Կարապետյանի հովանավորությամբ դպրոցի մարզադահլիճում Նորշենի և հարակից գյուղերի դպրոցականների հետ ուշու մարզաձևի պարապմունքներ են անցկացնում Ստեփանակերտից ժամանած մասնագետները: 

2017-18 ուսումնական տարուց դպրոցում գործում է ՙԱրմաթ՚ ինժեներական  լաբորատորիան` երկու խմբով, 15-ական աշակերտով: Այն ոչ միայն ռոբոտաշինության, այլև եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, ձեռներեցության, հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է, որպեսզի երեխաները հետագայում կարողանան բիզնես-ծրագրեր ստեղծել, մարքեթինգ իրականացնել, հաշվապահություն վարել և այլն:  

Նախադպրոցական տարիքի 25 երեխա կա, բայց գյուղը մանկապարտեզ չունի: Համայնքի ղեկավարի հավաստմամբ` տարեցտարի աճում է ծնունդների թիվը: Կան բազմազավակ ընտանիքներ, որոնք օգտվում են պետական նպաստներից և տրամադրվող աջակցություններից: Բացի նպաստներից, գյուղի 2017թ. ծնված յուրաքանչյուր երեխայի բարերարների կողմից  միանվագ տրամադրվում էր  300 հազար դրամ, իսկ 2018թ.-ից` 500 հազար դրամ գումար: 

Գյուղի հին դպրոցի շենքը վերակառուցվելու է բնակելի տան, տրամադրվելու ամուսնացող զույգերին: 2018թ. նախատեսված է  մեկ բազմազավակ ընտանիքի համար բնակելի տուն կառուցել:

Սուրբ Հովհաննես եկեղեցին (19-րդ դար) գտնվում էր կիսավեր վիճակում, 2015-ին վերանորոգվել է բարերար Կոմիտաս Կարապետյանի միջոցներով: 

Համայնքն ունի համագյուղացի բարերար Կամո Վարդանյանի ֆինանսավորմամբ վերանորոգված 200-տեղանոց հանդիսությունների տուն:

Բարերարների և Նորշեն համայնքի զարգացման հիմնադրամի միջոցներով գյուղում ճանապարհների բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Սալապատվել է 1240 քառ. մետր գյուղամիջյան ճանապարհ, իսկ բարեկարգման ենթակա է ևս 2500 քառ.մետր:

Գյուղն ամբողջությամբ գազիֆիկացված է, բնակչությանը հասանելի է շուրջօրյա ջրամատակարարումը, հեռախոսա-հեռուստատեսային և ինտերնետ կապերը:

Նորշենցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, սակայն դրանցով հիմնականում տարեցներն են զբաղվում: Համայնքը գյուղտեխնիկա չունի, գյուղատնտեսական շրջանում այն բերվում է հարևան գյուղերից: Հողօգտագործողը հնարավորություն չունի լիզինգային եղանակով գյուղտեխնիկա ձեռք բերել: Այնուամենայնիվ, գյուղում չկա ընտանիք, որ չկարողանա օրվա ապրուստն ապահովել:  

Համայնքն ունի ծխախոտագործությամբ զբաղվելու համար տարածք, շատ են ցանկացողները, բայց ոռոգման համակարգի բացակայությունն այն դարձնում է ոչ հեռանկարային:

Գործում է երկու արտեզյան ջրհոր, դա հնարավորություն է տալիս զբաղվել նաև այգեգործությամբ:

Նորշենն ունի 8հա խաղողի, 21հա նորատունկ նռան այգիներ, 40հա թթայգի՝ սեփականաշնորհված տարածքներում: 

-Նորշենն Արցախյան պատերազմի տարիներին տուժել է հրետակոծությունից, բայց գյուղը լքողներ չեն եղել: Ներկայիս Նորշենը պահողը երիտասարդությունն է, ով մտահոգ է գյուղի ապագայով, ամուր թելերով կապված է հայրենի օրրանին, ապրում է նրա առօրյա հոգսերով ու հաջողություններով: Սա նշանակում է, որ գյուղը զարգանալու հեռանկար ունի: Մենք` ավագ սերնդի ներկայացուցիչներս էլ պատրաստ ենք նրանց սատարել, աջակցել բոլոր նախաձեռնություններում,- զրույցը եզրափակում է համայնքի ղեկավարը:

 

 

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

 ք. Մարտունի