Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՙԳՈՐՇ ԳՈՏԻՆԵՐԸ՚

Արդյո՞ք ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ նոր պատվիրակությունը կկարողանա աշխատել  այնքան արդյունավետ, որքան ներկայիս կազմը

 Հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ տարածշրջանի համար նշանակալի  իրադարձություն. Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ընդունվել է հետևյալ անունը կրող բանաձև՝ ՙՄարդու իրավունքների հարցերով դիտորդական առաքելության անսահմանափակ մուտքը ԵԽ անդամ պետությունների, այդ թվում ՙգորշ գոտիների՚ տարածքներ՚։ Սոցիալիստների ֆրակցիայի ղեկավար Ֆրանկ Շվաբեի պատրաստած փաստաթղթին դեմ է քվեարկել միայն ադրբեջանական պատվիրակությունը, որի ղեկավարը՝ խավիարային դիվանագիտության հետաքննության մեջ ներքաշված Սամեդ Սեիդովը, նստաշրջանի նախօրեին սպառնագին տոնով խոստացել է բարձրացնել հակամարտությանն առնչվող հարցեր։ Ինչպես ասում են՝ տղամարդն ասաց, տղամարդն արեց։ Ճիշտ է, բոլորովին ոչ այն ուղղությամբ, որ արժանանար իր պետի հավանությանը։

Ընդունված բանաձևի հիմնական նպատակը չճանաչված պետություններում (ՙգորշ գոտիներում՚), այդ թվում և Լեռնային Ղարաբաղում, իրավապաշտպանական մոնիտորինգի գործիքների ներդրումն է, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նաև հաղորդել է, որ ի սկզբանե տեքստում հակահայկական ձևակերպումներ կային, որոնք հաջողվեց չեզոքացնել և վերջին հաշվով ստանալ մեր ազգային շահերից բխող փաստաթուղթ։

ՙԻսկ դահլիճում ադրբեջանցիների ագրեսիվ, բայց անօգնական հռետորաբանությանն արժանի հակահարված են տվել հայկական պատվիրակության անդամները՚,- գրել է ԱԺ փոխխոսնակը։

Բանաձևի համաձայն՝ Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններում պետք է ներդրվի երկրի իշխանությունների ենթադրվող համաձայնության գաղափարը՝ իրավապաշտպան առաքելությունների այցերին այն տարածքներ, որտեղ գրանցվում են մարդու իրավունքների և մարդկային արժանապատվութան լուրջ խախտումներ։ Ընդգծվում է, որ ՙգորշ գոտիներում՚ գործող փաստացի իշխանությունը պատասխանատու է իր բնակիչների իրավունքների պաշտպանության համար և պարտավոր է համագործակցել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ։ Վեհաժողովը նաև կոչ է արել ԵԽ նախարարների կոմիտեին՝ արտահերթ ժողովներ գումարել այն պարագայում, երբ պաշտոնական կամ փաստացի իշխանությունը մոնիտորինգային առաքելությանը մերժում է մուտք գործել ՙգորշ գոտիներ՚՝ պատճառաբանելով, որ նման այցը քաղաքական տեսակետից անընդունելի է կամ համատեղելի չէ առաքելության մանդատի հետ։

ԵԽ-ի կողմից իրավապաշտպանական տեսակետից խնդրահարույց համարվող տարածքների մեջ բացի Արցախից ընդգրկվել են Ղրիմը, Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը, ինչպես նաև ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն։ Մեկնաբանելով բանաձևը, Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, այն ընդունելի է հանրապետության իշխանությունների համար՝ վերապահում անելով ՙգորշ գոտիներ՚ եզրույթի օգտագործման կապակցությամբ, որը, նրա կարծիքով, որոշակի բացասական երանգ է պարունակում։ Բաբայանը նշել է, որ ԼՂՀ-ում իրավապաշտպան մոնիտորինգը պետք է անցկացվի Ադրբեջանի հետ զուգահեռ, որպեսզի միջազգային հանրությունը ոչ միայն ավելի լավ ծանոթանա Արցախում տիրող իրավիճակին, այլև համեմատի մարդու իրավունքների դրությունը երկու երկրներում։ Տարբերությունը, համարում է Դ. Բաբայանը, ակնհայտ կլինի, և հենց այդ պատճառով է Բաքուն փորձում խոչընդոտել այս գաղափարի կենսագործմանը։ 

Այն մասին, որ Եվրոպայի Խորհուրդը, ինչպես և միջազգային մյուս կազմակերպությունները, այդ թվում ՄԱԿ-ը, վաղուց պետք է հրաժարվեն ճանաչվածության սկզբունքով երկրներին տարբերակելուց և մարդու իրավունքները պաշտպանեն անկախ այն բանից, թե որտեղ է նա ապրում կամ գտնվում, խոսվել է վաղուց, և մեր թերթը նույնպես բազմիցս անդրադարձել է այդ հարցին։ ԵԽԽՎ-ում ողջամիտ մոտեցումն ի վերջո գերակշռեց, և բանաձևն ըստ էության նշանակում է, որ Եվրոպայի չճանաչված պետությունները կընդգրկվեն ԵԽ իրավաբանական տիրույթում, իսկ վեհաժողովի պատվիրակները՝ մոնիտորինգային խմբի անդամները, իրենց աշխատանքում սերտորեն կհամագործակցեն Արցախի իշխանությունների հետ իրավապաշտպանական խնդիրների լուծման համատեքստում։ Դրանով իսկ դեռևս չճանաչված հայկական հանրապետությունը հնարավորություն է ստանում ցուցադրել ոչ միայն սեփական ձեռքբերումները ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում, այլև, ինչը շատ կարևոր է, առկա խնդիրների լուծման հարցում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու պատրաստակամությունը։ Այդ թվում, ինչպես առաջին Ղարաբաղյան պատերազմի, այնպես էլ ապրիլյան իրադարձությունների հետևանքների հարցում՝ մարդու իրավունքների դիտանկյունից։ Թե ինչպես այս ամենը կյանքի կկոչվի, կկարողանա՞, արդյոք, Արցախի ղեկավարությունն առավելագույնս օգտագործել այս հնարավորությունն ու ապացուցել, որ հանրապետությունը ոչ միայն արժանի չէ ՙգորշ գոտի՚ եզրույթին, այլև կարող է դիտարկվել որպես ուրույն օրինակ ինչպես չճանաչված, այնպես էլ ճանաչված երկրների, ամենից առաջ Ադրբեջանի համար, ժամանակը ցույց կտա։ Իսկ այսօր հնարավոր չէ չանդրադառնալ ևս մեկ կարևոր թեմայի՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության գործունեությանը, որը, առավել հավանական է, նույն կազմով վերջին անգամ է մասնակցում նստաշրջանին։ Համոզվածությամբ կարելի է արձանագրել պատգամավորների խմբի փայլուն աշխատանքը, որը նշանավորվեց հայկական կողմերի համար կարևոր բանաձևի ընդունմամբ։ Այս համապատկերին հատկապես ոչ համարժեք և պետության ղեկավարին ոչ հարիր է ՀՀ վարչապետի հայտարարությունն այն մասին, որ, իբր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ներկայացնում է միայն կոռումպացված համակարգը։

Եվրոպայի Խորհրդում գրեթե 17 տարիների անդամակցության ընթացքում միայն վերջերս հնարավոր դարձավ խոսել այս կազմակերպությունում ԱԺ պատգամավորների պրոֆեսիոնալ և համակարգված աշխատանքի մասին՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից։ Երկար տարիներ կարելի էր խոսել Հայաստանի խորհրդարանում ՙքաղաքական զբոսաշրջիկների՚ առկայության մասին, ովքեր ԵԽԽՎ նստաշրջաններին մասնակցում էին բացառապես ՙհարսանեկան գեներալների՚ կարգավիճակում։ Ի տարբերություն ադրբեջանցի պատգամավորների, ովքեր առանց հապաղելու իսկույնևեթ նվաճում էին, բնականաբար՝ իրենց ձևով, և՜ եվրախորհրդարանականներին, և՜ ԵԽԽՎ ամբիոնը։ Թե ինչի է հասցրել դա, այդ թվում ընդունված հակահայկական փաստաթղթերի տեսքով, քաջ հայտնի է։ Անհրաժեշտ եղավ փոխել պատվիրակության մի քանի կազմեր, որպեսզի ձևավորվեն կարողություններ, հմտություններ, արհեստավարժություն, ի հայտ գան հաստատված կապեր և շփումներ։ Ներկայիս կազմը հաշվի է առել ողջ փորձը, այդ թվում և բացասական՝ նախկին կազմերի, ինչի արդյունքում մենք ունենք մի խումբ, որը տիրապետում է և՜ գործիքակազմին, և՜ անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին, և՜ լեզուներին՝ ուղիղ ու փոխաբերական իմաստով, որոնք անհրաժեշտ են ակտիվ և հաջող աշխատանքի համար։ Որն էլ, ըստ էության, պատվիրակությունը հիմնականում ցուցադրել է վերջին տարիներին։ 

Թե ինչպես ամեն ինչ կդասավորվի նոր խորհրդարանում, հաշվի առնելով այն անհերքելի միտումը, որ ԱԺ յուրաքանչյուր նոր կազմ մեզ մոտ նախկինից ավելի վատն է լինում։ Կգտնվե՞ն գոնե 10 պատգամավորներ, ովքեր ունակ կլինեն յուրացնել ներկա պատգամավորների փորձը և ինչպես ԵԽԽՎ ամբիոնը, այնպես էլ միջխորհրդարանական այլ հարթակներ օգտագործեն ի շահ երկրի՝ դրանց բոլոր բարդությունների ու առանձնահատկությունների հաշվառումով։ Դատելով այն սկզբունքներից, որոնցով ղեկավարվում են իշխանությունները թիմ հավաքելիս, դժբախտաբար, այս կապակցությամբ առանձնահատուկ հույսեր չկան։ Մինչդեռ ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ժամանակն ու տեմպը կորցնելն անթույլատրելի է։ Ու դա վերաբերում է, ինչպես դարձյալ ցույց է տալիս անցյալի ողջ փորձը, առաջին հերթին Արցախի հարցին։ Նման բանաձևի ընդունումը շատ կարևոր փուլանիշ է՝ այդ թվում խորհրդարանական դիվանագիտության երկար և բարդ ճանապարհին, որի նպատակը պետք է դառնա եվրոպական ու միջազգային հանրության կողմից Արցախի նկատմամբ ՙգորշ գոտի՚ եզրույթն օգտագործելուց հրաժարվելը։ Ու այդ առումով ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունից շատ բան կարող է կախված լինել։ Այդ թվում` նրանից, թե նոր կազմը կկարողանա՞ և կցանկանա՞ ընդունել այն դրականն ու արժեքավորը, որը կուտակվել է նախորդների կողմից, թե՞ մենք կվերադառնանք սկզբնակետին ու դարձյալ ստիպված կլինենք խոսել Ազգային ժողովում հերթական տարալցման ՙքաղաքական զբոսաշրջիկների՚ մասին։ 

 

                                                                                                               www.golosarmenii.am

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ