Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆՌԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ

Մարտունին արդեն երկրորդ անգամ մեծ շուքով նշում է  շրջանի համար կարեւոր գյուղատնտեսական եւ մշակութային միջոցառումը՝ Նռան փառատոնը։  Նախորդ տարվա համեմատ տաղավարների թիվը կրկնապատկվել է` ավելի քան 100  տաղավար,  մի քանի տասնյակ  մենատնտեսներ, հյուրեր  ողջ հանրապետությունից եւ արտասահմանից։

Մրգերի թագավոր նուռն իր հմայքով ու գեղեցկությամբ, օգտակարությամբ եւ   գրավչությամբ օրվա հերոսն էր։

Նախագահ Բակո Սահակյանը շրջանի համար կարեւոր միջոցառման պատվավոր հյուրն էր։

 Տաղավարներն աչք են շոյում ոչ միայն  գեղեցկությամբ ու ոճով,այլեւ առավել ցածր գներով. որքան էլ նուռն ընտիր լինի՝ փառատոնյան նուռը   շատ ավելի մատչելի պետք է լինի։  Նռան մշակությամբ զբաղվող բերդաշենցի մենատնտես  Սանասար Գրիգորյանն ասում է, որ  ոռոգման կաթիլային համակարգի ներդնումից հետո   բերքից ստացած  արդյունքները կգերազանցեն  նախորդ տարիներին։

Սանասարն ընդամենը 4 տարի է, ինչ նռան այգի է տնկել, անցած տարվանից արդեն բերք է ստանում։ 

Քրիստոնեական եւ հայկական  խորհուրդն իր մեջ կրող պտուղը  միասնության ու համախմբվածության նշան է, ահա թե ինչու մրգի հանդեպ յուրահատուկ  վերաբերմունքը  նույնիսկ փառատոնի անցկացման գաղափար է ծնել։ Բերքն օրհնվում է  Արցախի հոգեւոր առաջնորդի ձեռամբ, որից հետո նրանից առատորեն օգտվում են փառատոնի մասնակիցները։

Ոչ միայն  համեղ, այլեւ օգտակար.  ժողովրդական բժշկության  գիտակները տաղավարներում բացատրում են, որ   հրաշագործ այս պտղի  կեղեւն էլ կարող է   սպեղանի դառնալ։ Մարտունու Մ. Մաշտոցի անվան համար 2 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Իդա Ղալայանն իրենց տաղավարում  ժողովրդական բժշկության անկյուն է առանձնացրել եւ    որպես դեղատոմս գրել  նռան օգտակարությունն ու բուժիչ հատկանիշները։

Գյուղոլորտի  պատասխանատուները վերջին տարիներին   նռան այգիների աճ նկատում են, նաեւ նշում, որ  առաջիկայում  մեծ ծավալներով արտահանման մասին պետք է մտածել։

 ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը նշում է, որ հանրապետությունում նռան այգիներով աչքի են ընկնում հատկապես  Մարտունու և Ասկերանի շրջանները։

ՙՆախորդ տարվա համեմատ՝ ընդհանուր առմամբ, նռան այգիների քանակն ավելացել է շուրջ 100 հա-ով։ Այս պահի դրությամբ ունենք մոտ 1360 հա նռան այգի։ Ներկայում բերքահավաքն իրականացվում է 350 հա-ի վրա. շուրջ 1000 տոնա բերք է հավաքվել։ Պետական ծրագրերն այդ ոլորտում այս տարի կապված էին կաթիլային համակարգերի տեղադրման հետ, որը բավականին մատչելի ծրագիր է հատկապես նորատունկ այգիների համար, քանի որ վերջիններիս մշակման համար մենատնտեսին տրամադրվում է 50%  դրամաշնորհ և 50% փոխառություն։ Կաթիլային համակարգով ոռոգվող տարածքները մոտ 270 հա են, սակայն այդ թիվն ունի ավելացման միտում՚,- նշում է Վ. Ավետիսյանը։

Փառատոնը գրավել է նաև արտասահմանցիների ուշադրությունը։ Նուռը նորություն չէ, բայց արեւոտ Իսպանիայում նուռն այն  չափն ու համը չունի, ինչպես Արցախում, խոստովանում են իսպանացի հյուրերը։

Ոչ միայն զբոսաշրջիկները, այլեւ  բոլոր հյուրերը հնարավորություն ունեցան տեղում ըմպել  նռան թարմ հյութը, փոքր-ինչ էլ զգալ կեղեւի դառնությունը։ Մենատնտես Հարութ Մկրտչյանը  օրվա կեսին արդեն 25-ից ավել բաժակ նռան հյութ էր վաճառել, բաժակի արժեքը` 500 դրամ։ 

Նման փառատոները նպաստում են ոչ միայն  զբոսաշրջության աճին, հետաքրքրություն  սերմանում շրջանի հանդեպ,այլեւ հնարավորություն տալիս տեղացիներին  սպառել իրենց արտադրանքն ու որոշակի եկամուտ ստանալ։

Կազմակերպիչների խոսքով` փառատոնը  ոչ միայն   շրջանի գյուղատնտեսական տարին է ամփոփում, այլեւ  անուղղակի կերպով հարստացնում է մշակութային կյանքը, ինչը միանշանակ խրախուսելի է:

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ