Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԵՐԻ ՙՇՔԵՐԹԸ՚ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ֆրանսիայի Սենտ Էտիեն եւ Արցախի Շուշի քաղաքները հոկտեմբերի 21-ին Բարեկամության հռչակագիր են ստորագրել:

Երկու քաղաքների միջեւ գործնական կապերն արդեն 3-4 տարվա պատմություն ունեն: Հռչակագիրը պարզապես արձանագրեց այն, ինչ կա, եւ ուրվագծեց ունեցածը զարգացնելու հեռանկարները: Հիշարժան իրադարձության առթիվ Շուշիում էր նաեւ արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Քննարկումները քաղաքապետարանում են ծավալվել: Անհրաժեշտություն է առաջացել համագործակցության ունեցած պաշարն արձանագրել եւ որոշել հարաբերությունների խորացման հետագա ընթացքը: 

 

ՙՍԱ ՈՒՂԵՐՁ Է, ՈՐ ՄԵՆՔ ԱՐՑԱԽԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ՚

 

ՙԼե Պեն Միրաբո, Բուկ-Բել-Էր, Վիեն, Վիլյորբան, Վալանս, Դրոմի նահանգն` ամբողջովին…՚,- թվարկում ու դեռ շարունակում է Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: Արցախի հետ Բարեկամության հռչակագիր ստորագրած ֆրանսաիական քաղաքներն են: Հոկտեմբերի 20-ին դեռ 11-ն էին: Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախկին նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն ուրախությունը չի թաքցնում: Խոստովանում է՝ Արցախի օրհներգը հարազատ օրհներգից պակաս ուրախությամբ չի լսում: ՙԱրցունքներ կային աչքերիս, երբ լսեցի Արցախի օրհներգը: Եվ ուզում եմ ասել, որ այդ զգացմունքներն անկեղծ են՚,- ասում է Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավորը: Ուրախության լրացուցիչ առիթն էլ այն է, որ Արցախ կատարած իր 15-րդ այցը համընկավ բարեկամ քաղաքների ցանկի ընդլայնմանը: Հոկտեմբերի 21-ին Բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Շուշի եւ Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջեւ: Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության եւ ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը եւ Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը, կողմերը  որոշում են երկու քաղաքների միջեւ բարեկամական կապեր հաստատել: ՙՄեզնից կախված ամեն ինչ կանենք, որ հռչակագրում նշվածը կյանքի կոչենք՚,- վստահեցնում է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը: Իսկ Սենտ Էտիենի քաղաքապետը, որ առաջին անգամ է Արցախում, ընդգծում է, մարդկանց շփումներին չպետք է խանգարեն սահմանները, միջազգային կարգավիճակը: ՙԳիտեմ, որ կան քաղաքական հարցեր, որ որոշ մարդիկ կարող են դժգոհել մեր այս նախաձեռնությունից: Բայց միակ մտահոգությունը, որ ունեմ, այն է` պաշտպանել ժողովուրդների պայքարը, եթե այդ պայքարն արդարացի է: Բարեկամության հռչակագիրն ուղղված է նրան, որպեսզի այդ ուղերձը հղվի, որ Ֆրանսիայում կան մարդիկ, ովքեր արցախցիների կողքին են, աջակցում են Արցախի ժողովրդին այդ պայքարում՚,- ընդգծում է Սենտ Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն:

 

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՐՑԵՐԻ ՀԵՏ՝ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՇԻՌ

 

Համատեղ ծրագրեր` տնտեսության, կրթության, մշակույթի, սպորտի ու տեղական ինքնակառավարման ոլորտներում, ինչպես նաեւ երկու քաղաքների միջեւ փորձի եւ մասնագիտական հմտությունների փոխանակում: Սրանք նախատեսված են Հռչակագրով: Նախատեսվածը հիմնականում մարդասիրական, կրթական, մշակութային ոլորտներն է ընդգրկում, բայց բարեկամության հռչակագրերի թիվն արդեն նաեւ քաղաքական նշանակություն եւ կշիռ է ստանում: ՙԱռաջին տեղում, իհարկե, մարդասիրական հարցերն են, տարբեր ոլորտներում շփումների, փոխգործակցության հարցերը: Սակայն երբ բարեկամության հռչակագրերի թիվն աճում է, այդ թիվը նաեւ նոր, քաղաքական որակ է ստանում. Արցախի ճանաչելիությունն է դրանով ընդլայնվում, եւ, ինչու ոչ, այդ ամենն իրականում նպաստում է Արցախի միջազգային ճանաչմանը՚,- նկատել է տալիս արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ով ներկա էր Բարեկամության հռչակագրի ստորագրման արարողությանը: Իսկ Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչն այդ ճանապարհին արդեն ունեցած ձեռքբերումներից մեկն է մատնանշում. ՙ2017-18 թվականներին Ֆրանսիայի 12 քաղաքներում կազմակերպվեցին Արցախյան օրեր: Դրանք հիմնականում այն քաղաքներն են, որոնց հետ Արցախի քաղաքները բարեկամության հռչակագրեր ունեն: Դա բավական մեծ լսարանի թույլ է տալիս հենց Եվրոպայի սրտում ներկայացնել Արցախը՝ իր մշակույթով, իր հնարավորություններով՚,- ասում է Հովհաննես Գևորգյանը:

 

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԱՊԵՐՆ ԱՐԴԵՆ ԿԱՆ. ԿԶԱՐԳԱՑՆԵՆ

 

Շուշին ու Սենտ Էտիենը կապողը Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանն է, որի վարպետները վերապատրաստումը հենց Սենտ Էտիենում են անցել: Հեռակա ծանոթությանն անմիջական շփումն է հաջորդում: Շուտով վերապատրաստվողների հերթական խումբը կմեկնի Ֆրանսիա, գարնանն էլ Ֆրանսիայից հյուրեր կժամանեն: Քաղաքապետարանների միջեւ եւս կակտիվացվեն անմիջական կապերը: ՙԱյս տրամաբանության մեջ է, որ Շուշիի իմ գործընկերոջը հրավիրել եմ Սենտ Էտիեն: Իսկ ինչ վերաբերում է իմ վերադարձին Արցախ, ապա կասեմ, որ եթե մեկ անգամ լինում ես Արցախում, դժվար է պատկերացնել, որ չես վերադառնալու կրկին՚,- խոստանում է Սենտ Էտիենի քաղաքապետը: Մեկնեց՝ գործընկերոջ հետ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում մոմ վառելուց հետո:

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ