[ARM]     [RUS]     [ENG]

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: 

Իր շնորհավորական ելույթում Նախագահը նշել է, որ կառույցի աշխատակիցներն իրականացնում են կարեւոր եւ պատասխանատու աշխատանք՝ յուրաքանչյուր վայրկյան պատրաստ լինելով արձագանքել տարբեր արտակարգ իրադարձությունների, օգնության հասնել մեր քաղաքացիներին, լուծել բազմաբնույթ խնդիրներ: <<Դա պահանջում է համապատասխան մասնագիտական պատրաստվածություն, հմտությունների եւ ունակությունների կատարելագործում, ոլորտին առնչվող նորարարությունների կիրառում, համակարգի կենտրոնական եւ տարածքային կառույցների հետ սերտ կապի ապահովում, համակարգված փոխգործակցություն բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ>>, - իր խոսքում շեշտել է երկրի ղեկավարը: 
Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործունեությունը, եւ այս տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել գերատեսչության աշխատանքային պայմանների բարելավման, նյութատեխնիկական բազայի արդիականացման, աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաեւ պարգեւատրման արարողություն: