[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի հանդիպումներն Արիզոնա նահանգում

Փետրվարի 15–18 ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Արիզոնա նահանգի Հայ Դատի գրասենյակի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Փետրվարի 16-ին նահանգային մայրաքաղաք Ֆինիքսի հայկական կենտրոնում հայ համայնքի անդամների հետ տեղի ունեցած հանդիպմանը Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմաիրավական հիմքերը, բանակցային գործընթացի ներկա փուլը և պատասխանել մասնակիցների հարցերին: Նույն օրը տեղի է ունեցել Ռ.Ավետիսյանի հանդիպումը ՀՅԴ նահանգային խորհրդի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները:

Փետրվարի 17-ին Սքոտսդեյլ քաղաքի Սբ. Աբգար հայկական եկեղեցում ԱՀ ներկայացուցիչը հանդիպել է հայ համայնքի անդամների հետ։ Ռ. Ավետիսյանն անդրադարձել է Արցախի պատմության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիմնական փուլերին, երկրում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացներին առնչվող հարցերին:

Փետրվարի 18-ին Արցախի ներկայացուցիչը՝ նահանգի Հայ Դատի գրասենյակի անդամների ուղեկցությամբ, հանդիպել է Արիզոնայի սենատի և ներկայացուցիչների պալատի 11 անդամների՝ այդ թվում, ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Ռասել Բաուերսի հետ: Հանդիպմանը ներկայացվել են Արցախի մասին տեղեկություններ և հերքվել Ադրբեջանի կողմից հնչեցվող հակահայկական քարոզչական թեզերը: Ռ.Ավետիսյանը մասնակցել է նաև նահանգային Սենատի նիստին, որտեղ անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Արցախում պետականաշինության գործընթացին առնչվող մի շարք հարցերի։