ԱՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի համաձայն, ԱՀ Նախագահի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ։ Օրենքով սահմանված կարգով՝ նախաձեռնողի կողմից ներկայացվել է օրակարգային մեկ հարց՝ ՙՙԱրցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին՚ Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագիծը։
ԱԺ նախագահի փոխանցմամբ՝ ՙԱԺ կանոնակարգ՚ Արցախի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի կողմից ներկայացվել է նաև հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ հաշվի առնելով արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենքի նախագիծը երկու ընթերցմամբ քննարկելու հանգամանքը։
Հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագծին հավանություն տալուց հետո, ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է ՙՙԱրցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին՚ Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ ԱՀ օրենքի նախագիծը, որի առաջադրումը պայմանավորված է 2018թ-ի դեկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում և 2019թ-ի մարտի 27-ին ՙԲնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՚ ԱՀ օրենքում կատարված փոփոխություններով։
Նախագծով առաջարկվում է 3 մլրդ դրամով ավելացնել 2019թ-ի պետական բյուջեով նախատեսված ՙՀարկային եկամուտներ՚ և ՙՊետական տուրքեր՚ եկամտատեսակը և նույն չափով ավելացնել 2019թ-ին պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագիրը։
Գլխադասային՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթներ են ունցել Հայկ Խանումյանը, Արթուր Թովմասյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Հովիկ Ջիվանյանը և Էդուարդ Աղաբեկյանը։
Անդրադառնալով ելույթներում պատգամավորների հնչեցրած հարցերին ու մտահոգություններին՝ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ հարցի քննարկման հատուկ ընթացակարգը պայմանավորված է նախևառաջ կապիտալ շինարարության ոլորտում ծրագրերի իրականացման ժամկետներով և պայմաններով։ Արձագանքելով գումարը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին ուղղելու պատգամավորների առաջարկներին՝ պետնախարարը տեղեկացրել է, որ միջոցներ են հատկացվելու նաև Քարվաճառ-Սոթք ճանապարհի կառուցմանը և գյուղերը մայրուղուն կապելու որոշ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև հակակարկտային շարժական կայանների արդյունավետությունը գնահատելուց հետո դրանց ներդրմանը։
Անցնելով քվեարկությանը՝ խորհրդարանը 25 կողմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է ՙՙԱրցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին՚ Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ ԱՀ օրենքը։
Հատուկ ընթացակարգի համաձայն՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելու դեպքում մինչև երկրորդ ընթերցում, դրա վերաբերյալ գրավոր առաջարկներ և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն երեքական ժամ։ Հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումները կշարունակվեն։
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին